Մանկավարժական համալսարանում ամենատարբեր ձեռնարկներով նշվում են Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ նախատոնական տրամադրություն հաղորդելով ուսանողներին, պրոֆեսորադասախոսական կազմին և աշխատակիցներին:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ կազմակերպվեց «Ամանորյա դիմակահանդես»:
Հյուրասիրություն, ռիթմիկ պարեր, խաղեր, անակնկալներ, նվերներ ու նաև ՀՊՄՀ-ի Ուսանողական խորհրդի շնորհակալագրեր՝ հասարակական ակտիվությամբ, կարգապահությամբ և կառույցի հետ արդյունավետ համագործակցության համար:
«Լավագույն Ուսանողական Խորհուրդ» ճանաչվեց Հատուկ կրթության ֆակուլտետը, «Լավագույն ՈւԽ նախագահ»՝ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանող Սասուն Մարտիրոսյանը, ՈւԽ լավագույն ակումբը Ինտելեկտուալ ակումբն էր, իսկ հանձնաժողովը՝ Լրատվականը. ավանադական անվանակարգերին այս տարի ավելացել էր նաև «Լավագույն ուսխորհրդականը»՝ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանող Սուրեն Եղիազարյանը:
Դիմակահանդեսն իրենց կատարումներով առավել ուրախ դարձրին DJ Սոպրանոն ու ուսանող երգիչ-երգչուհիները:
Ձեռնարկի ընթացքում պատվոգրեր հանձնվեցին նաև աղջիկների ֆուտբոլի թիմին մարզիկներին:
«Տարիներ առաջ, երբ ես ուսանող էի, երազել միայն կարող էինք նման միջոցառման մասին: Ներկայիս ուսանողները լիարժեք ուրախանում են, տոնում և գնահատում, որ բուհն ապահովում է բոլոր պայմանները ուսումնական գործընթացն ու լավագույն ուսանողական հանգիստ անցկացնելու համար»,-նշեց ՈւԽ նախագահ Ներսիկ Մարգարյանն ու ուսանողական կառույցի անունից շնորհավորեց գալիք տոները:
Ամանորյա տոնական տրամադրությունն էր նաև բուհի աշխատակիցների երեխաների համար:
ՀՊՄՀ-ի Հեռուստառեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանի սցենարով ու բեմադրությամբ, բուհի Արհեստակացական կազմակերպության աջակցությամբ նրանց համար կազմակերպվել էր ամանորյա հանդես-միջոցառում:
«Բարի փերիի ամանորյա նվերը» խորագրով ներկայացման հերոսները ամանորյա հրաշքը վերածեցին իրականության. հյուրընկալվել էին Բուրատինոն, Կառլսոնն ու փոքրիկ Մերին, ավազակախումբն ու Ձմեռ պապը. ի դեպ, հերոսները Հեռուստառեժիսուրայի բաժնի տարբեր կուրսերի ուսանողներ էին ու նաև շրջանավարտներ:
Բարու և չարի ամենօրյա պայքար, որ այս հեքիաթում նույնպես Ձմեռ պապի և բարի փերու կախարդանքի շնորհիվ ավարտվեց գեղեցիկի և համերաշխության հաղթանակով:
Ներկայացման ռեժիսոր Աիդա Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ուսանողները մեծ ոգևորությամբ են մասնակցում նման միջոցառումների, որտեղ էլ ցուցաբերում են իրենց դերասանական վարպետությունը: Միանալով ներկայացման հերոսների ամանորյա շնորհավորանքներին ու մաղթանքներին՝ Աիդա Հովհաննիսյանը հավելեց՝ մեծահոգություն, սեր և նվիրում սիրելի աշխատանքին: