Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետում կայացավ համերգ՝ նվիրված մայրաքաղաք Երևանին։
Երաժշտության ամբիոնի նախաձեռնության նպատակն էր մեկ անգամ ևս ներկայացնել ու խոսել գեղեցիկ ավանդույթներով հարուստ քաղաքի մասին և դա անել երաժշտության միջոցով։
Համերգն այս անգամ համախմբել էր տարբեր կուրսերում սովորող ուսանողների, որոնք հանդես եկան բազմաոճ և գեղեցիկ կատարումներով։ Այն մեկնարկեց «Զվարթնոց» քանոնահարների անսամբլի ելույթով, ապա տարբեր գործիքային կատարումներով հնչեցին հայտնի ու սիրված ստեղծագործություններ՝ «Լալանի», «Բրոյի, բրոյի», «Նոկտյուրն» «Վոկալիզ», «Տոնական նախերգանք», «Էքսպրոմտ», «Լուսնյակ գիշեր» և այլն։
Ինչպես նկատեցին կազմակերպիչները՝ Երևանը միշտ է եղել մշակութային քաղաք, ունեցել է փողային, էստրադային, ժողգործիքների նվագախմբեր․այսօր այդ ավանդույթը շարունակում է ՀՊՄՀ Երաժշտության ամբիոնը։
Ամբիոնում ստեղծված, միջազգային մրցույթի դափնեկիր «Լուսե» համույթը դրա վառ ապացույցն է։ ՀՊՄՀ շրջանավարտ Ազատ Ասլանյանի ղեկավարած համույթն էլ ամփոփեց համերգային մասը․ հնչեցին «Իմպրովիզացիա», «Ձոն Օշականին» ստեղծագործությունները։
Հանդիսատեսին անակնկալ էր սպասվում․կայացավ Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի հեղինակած «Երևան» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Ինչպես նշեց ինքը՝ հեղինակը, այն Երևանին նվիրված համանուն 9-րդ ստեղծագործությունն էր։ Տեսահոլովակի ռեժիսորն, ի դեպ, նույնպես աբովյանական էր՝ բուհի շրջանավարտ Անի Գևորգյանը։