ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կայացավ ավարտական կուրսերի ուսանողների համերգ
02.06.2017
Կայացավ ավարտական կուրսերի ուսանողների համերգ

Ամեն տարի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի տարբեր բաժինների ավարտական կուրսերը հանդես են գալիս յուրօրինակ ձեռնարկով:

Այս տարի ևս Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ Երաժշտական կրթության բաժնի ուսանողների համերգը, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ավե Մարիա երգչախումբը, Ջութակահարների և նորաստեղծ վոկալ անսամբլները, ինչպես նաև անհատ կատարողներ: Ի դեպ, Ավե Մարիա երգչախմբի խմբավարները նույն բաժնի մագիստրոսներն էին:

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Արամ Խաչատրյանի, Արամ Սաթյանի, Աստոր Պիացոլայի և այլոց հայտնի ստեղծագործությունները:

Երաժշտության մանկավարժության ամբիոնի վարիչ Սարգիս Էլբակյանի խոսքով՝ տարեվերջյան համերգը կարծես նրանց ուսումնառության բոլոր տարիների վերջին ակորդը լինի. «Բաժնի անսաբլներն ու լավագույն անհատ կատարողները տարբեր ձեռնարկների շրջանակներում հանդես են եկել բազմաթիվ բեմերում, ելույթներ ունեցել դպրոցներում, սակայն համերգի նպատակն է ցույց տալ նաև, թե ինչ գործիքների են տիրապետում երաժշտության ապագա մանկավարժները»,-հավելեց Սարգիս Էլբակյանը:

Ամբիոնի վարիչը ուրախությամբ է նկատում՝ բաժնի շրջանավարտները շարունակում են ունենալ հաջողություններ և ձեռքբերումներ ինչպես մանկավարժության, այնպես էլ երաժշտության բնագավառներում:

Ձեռնարկի ընթացքում կայացավ նաև Կերպարվեստ և Կիրառական արվեստ բաժինների ավարտական կուրսերի աշխատանքների ցուցադրությունը: