Ապրիլի 13-ին Մանկավարժական համալսարանում անցկացվեց Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ձեռնարկը:
Նախորդ տարիներին «Համընդհանուր թելադրություն»-ն անցկացվել է հայաստանյան մի քանի բուհերում. այս տարի միջազգային կրթական ակցիայի անցկացման հարթակ է եղել նաև Մանկավարժական համալսարանը:
ՀՊՄՀ-ում ռուսաց լեզվի համընդհանուր թելադրությանը մասնակցեցին ոչ միայն բուհի Օտար լեզուների 1-4-րդ կուրսերի շուրջ 50 ուսանողներ, այլև տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ լեռնագնացներ, գրողներ և այլն:
Թելադրության տեքստը, որն, ի դեպ, գաղտնի է պահվում մինչև ձեռնարկի մեկնարկը, Մանկավարժականում ընթերցեց ռուս գրող, լրագրող Ելենա Շուվաևա-Պետրոսյանը: Թելադրության ընթացքում ցուցադրվեցին նաև «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ակցիայի մասին պատմող ֆիլմեր:
Նշենք, որ «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ակցիան անցկացվում է 2004 թ–ից: Ռուսաստանում և աշխարհի մի շարք երկրներում կազմակերպվող ձեռնարկի նպատակն է հնարավորության տալ մարդկանց ստուգել ռուսաց լեզվի վերաբերյալ սեփական գիտելիքներն ու հետաքրքրություն առաջացնել գրագիտության մակարդակի բարձրացման նկատմամբ։
Արդյունքներն ամփոփվելուց հետո մասնակիցները կստանան հավաստագրեր: Ի դեպ, միջոցառման կազմակերպիչների խոսքով՝ թե′ կազմակերպչական մի շարք հարցերի, թե′ մասնակիցների թվի տեսանկյունից «Համընդհանուր թելադրություն»-ը լավագույնս կազմակերպվել էր Մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի ամբիոնի կողմից: