ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդես-միջոցառում՝ «Հրաժեշտ Այբբենարանին»
22.03.2019
Հանդես-միջոցառում՝ «Հրաժեշտ Այբբենարանին»

Մանկավարժական համալսարանի բեմում կրկին դպրոցականներն են՝ այս անգամ բուհի հիմնական դպրոցի 1-ին «Զատիկներ» դասարանի աշակերտները. դասվար Հասմիկ Սոսիկյանի սաները ևս հրաժեշտ տվեցին Այբբենարանին:

Օրվա խորհրդին համահունչ երգեր, բանաստեղծություններ, բեմադրություն և այլն. այս և այլ ձևաչափերով աշակերտներն ուսուցիչներին ու ծնողներին ներկայացրին գրերի ստեղծման մասին իրենց ունեցած գիտելիքները՝ վստահեցնելով, որ սա իրենց կյանքի անմոռանալի և երջանիկ օրերից մեկն է՝ արդեն տառաճանաչ են, գրել և կարդալ գիտեն:

«Զատիկներ»-ը ներկայացրին այն ժամանակաշրջանը, երբ Մեսրոպ Մաշտոցը Վռամշապուհ արքայի հետ խոսում է գրերի ստեղծման մասին. ներկաները մտովի տեղափոխվեցին Վաղարշապատ, ուր թագավորն ու կաթողիկոսը դիմավորում էին հայոց պատմության սրբերին՝ Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին՝  «Մեր ժողովուրդն արժանի է այս հրաշքին», «Նա բերել էր գրերը, որոնք փրկեցին մեզ» բացականչություններով:

Մանուկներն իրենց խոսքով ապացուցեցին, որ հայոց տառերից հպարտություն է փոխանցվում, իսկ Մեսրոպ Մաշտոցին կոչեցին գրի ու դպրության հայր, մեր ամենահայ:

Աշակերտներն Այբբենարանին հրաժեշտ տվեցին բարձր տրամադրությամբ, քանի որ հանդես-միջոցառման ողջ ընթացքում դահլիճում միախառնվել էին մանկան շուրթերից հնչող անկեղծ խոսքերը, խոստումը, որ հավերժ փառաբանելու են հայոց գրերը, նրանով ստացած գիտելիքներով բացելու են իրենց կյանքի հաջորդ էջերը:

Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը շնորհավորեց և′ աշակերտներին, և′ ծնողներին, և′ ուսուցչին՝ գրաճանաչության կարևորագույն ու դժվարին փուլը հաղթահարելու համար և մաղթեց հաջողություններ: