ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների ասոցիացիայի աուտիզմով երեխաների ծնողական խմբի կազմակերպած աշխատաժողովին։
ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայկական գրասենյակում Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրվա շրջանակներում կազմակերպված ձեռնարկին ողջույնի խոսքով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖԻ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պետրոսյանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ Արա Բաբլոյանը, ոլորտը ներկայացնող գերատեսչական մարմինների ներկայացուցիչներ։
Մանկավարժականի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը պանելային քննարկմանն անդրադարձավ ՀՀ-ում հաշմանդամության ոլորտում առկա մարտահրավերներին, կրթական և սոցիալական կարիքներին, բարձրացված հարցերի խնդրահարույց կողմերին։
Բանախոսը ներկայացրեց նաև աուտիզմ ունեցող անձանց պետական համակարգում սպասարկման, համայնքային ծառայությունների դերը, կրթության և խնամքի ծառայություններ մատուցող կենտրոնների աշխատանքների առանձնահատկությունները։
Մարիաննա Հարությունյանը պատասխանեց ծնողական համայնքի հարցերին և իր ելույթում ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանը մշտապես հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կողքին է․ լիազորությունների շրջանակներում իրականացնում է համապատասխան ծառայություններ և խորհրդատվություն։
Թեմային անդրադարձան նաև տարբեր կառույցներից հրավիրված ներկայացուցիչներ՝ ընդգծելով աուտիզմ ունեցող երեխաների կրթական, սոցիալական, առողջապահական և ապագային միտված ծրագրերի կարևորությունն ու հրատապությունը։
Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ՝ հեռուստակամուրջի միջոցով ներկայացվեց ԱՄՆ-ի, Կանադայի և Եվրոպական երկրների «Աուտիզմ ունեցող անձանց սպասարկումը տարբեր ոլորտներում» միջազգային փորձը։
Աուտիզմի իրազեկմանը միտված խորհրդատվական հանդիպում-քննարկում էր կազմակերպել նաև ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին դասախոսներն ու ուսանողները։