ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում-սեմինար՝ կրթական ծրագրերի, ուսումնական դասընթացների և միկրո-որակավորումների վերաբերյալ
21.05.2024
Հանդիպում-սեմինար՝ կրթական ծրագրերի, ուսումնական դասընթացների և միկրո-որակավորումների վերաբերյալ

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը մասնակցեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի կազմակերպած գործընկերային հանդիպում-սեմինարին։

Դասընթացների առցանց կատալոգներ՝ կրթական ծրագրերի, ուսումնական դասընթացների և միկրո-որակավորումների վերաբերյալ ձեռնարկին մասնակցում էին հայաստանյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, այդ թվում ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի կենտրոնի աշխատակիցներ։

Մասնակիցներին ողջունեց Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանն ու արդի կրթության ժամանակաշրջանում ընդգծեց դասընթացների առցանց կատալոգների առանցքային նշանակությունը բուհերի համար։

Ըստ բանախոսի, դրանք ուղղակի փաստաթղթեր չեն․ ակադեմիական թափանցիկության և մատչելիության հիմք են, որոնք ծառայում են որպես ուղեցույց՝ դիմորդների, ուսանողների, բուհերի ակադեմիական և վարչական անձնակազմի, շահագրգիռ կողմերի համար․ «Կատալոգները պետք է արտացոլեն տվյալ հաստատության ակադեմիական առաջարկները, արժեքները, նպատակներն ու ուղղությունները, որով զարգանում են։ Դրանք կարևոր են բուհերի մրցակցային գործընթացում, ինչպես նաև վեր են հանում այն առանձնահատկությունները, որոնք հավատարմագրման գործընթացում ապացուցում են՝ կրթական հաստատությունը համահունչ է իր առաքելությանն ու նպատակներին»։

Գայանե Հարությունյանը ներկայացրեց «Կրթական ծրագրերի, դասընթացների և միկրո- որակավորումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման» թեմայով զեկույցը՝ մանրամասնելով կառույցի կատարած ուսումնասիրության արդյունքները։

Հանդիպման ընթացքում «Դասընթացների առցանց կատալոգներ և տվյալների բազաներ՝ թափանցիկության և ճանաչման համար» (OCTRA 2) ծրագիրը, նպատակն ու գործունեությունը ներկայացրեց Լիտվայի Ակադեմիական տեղեկատվական կենտրոնի նախագահ Բայբա Ռամինան։

Բանախոսը նշեց՝ ուսումնասիրվել են որակավորումների ճանաչման համատեքստում ծրագրին մասնակցող 6 երկրներում արդեն գոյություն ունեցող և հանրության համար հասանելի օնլայն դասընթացների կատեգորիաները, կազմակերպվել են ծրագրին մասնակցող գործընկերների միջև քննարկումներ։

ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանն էլ հանդիպմանը ներկայացրեց մանկավարժական միկրո- որակավորումների վերաբերյալ զեկույցը։

Նա մանրամասնեց «Մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագիրն ու նշեց՝ այն նպատակ ունի հանրակրթական ուսումնական հաստատությունների համար պատրաստել հոգեբանամանկավարժական գիտելիքներով օժտված որակյալ մանկավարժներ։

Բանախոսը հավելեց՝ ծրագրի միջոցով դասընթացի մասնակիցներին են փոխանցում խորը և համակողմանի գիտելիքներ՝ ուսուցման կազմակերպման ձևերի, սկզբունքների, մեթոդների, տեխնոլոգիաների, միջոցների, ուսուցման արդյունքերի գնահատման վերաբերյալ։

Գիտականություն, գործնականություն, հաջորդականություն, բովանդակային և գործընթացների կողմերի համապատասխանություն, ժողովրդական մշակույթի կարողունակությունների ձևավորում և զարգացում․ Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց նաև ծրագրի կառուցման հիմնական սկզբունքները, դասընթացները, տրամադրվող կրեդիտները։

Ծրագրի վերաբերյալ եղան հարցեր, ծավալվեց ակտիվ քննարկում։

Հանդիպում-սեմինարին «Հայաստանում բարձրագույն կրթության քաղաքականությունը և գործունեությունը» MICRO-GEAR ծրագրի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի որակի ներքին ապահովման պատասխանատու Անի Մկրտչյանը։

Նա մանրամասնեց ծրագրի հայեցակարգն ու դերը՝ ընդգծելով՝ նպատակ ունեն Վրաստանի և Հայաստանի բարձրագույն կրթության համակարգերում ներդնել միկրո-որակավորումներ, երկու երկրներում վերանայել ՈԱՇ-երը, համաձայնության գալ դրանց շուրջ, տարածել որպես բարձրագույն կրթության համապատասխանության, որակի և ճկունության բարելավման գործիք, խթանել ՄՈ-ի հանգեցնող կրթական գործունեությունը, նպաստել փոխադարձ ճանաչմանը։

Բանախոսները ցավով նկատեցին՝ միկրո-որակավորումների կոնցեպտի վերաբերյալ միասնական կարծիք չկա մի շարք երկրներում, ոլորտը բաց է․ սահմանված չէ դրա նպատակը տևողությունը, այն անհրաժեշտ է ուսուցմա՞ն, թե՞ աշխատանքի համար։

Հանդիպումն ամփոփեց Հայաստանի ամերիկյան համալսարանի Հաղորդակցման բաժնի ղեկավար Նարեկ Ղազարյանը՝ կառույցի օրինակով և փորձով ներկայացնելով կրթական դասընթացների վերաբերյալ առցանց կատալոգները։