ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հետ
03.04.2019
Հանդիպում Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների հետ

Վահե Աթանյան, Գագիկ Ավետիսյան, Էդգար Բոցինյան, Արա Հարությունյան, Տիգրան Թովմասյան, Մեսրոպ Հարությունյան. նրանք Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներն են, որոնք մասնակցել են Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Ռազմական գործողությունների 3-րդ տարելիցի առթիվ վերջիններիս հետ կազմակերպված հանդիպմանը ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը ևս մեկ անգամ վստահեցրեց՝ նրանք մերօրյա հերոսներն են, և մենք հպարտանում ենք նրանցով:

Դեկանը հավելեց նաև, որ դասախոսների և ուսանողների համար մեծ խորհուրդ ունի նման հանդիպումները Մեխակ Մեխակյանի անվան լսարանում անցկացնելը. դա և՛ պատիվ է, և՛ մեծ պատասխանատվություն ուսանողների այս սերնդի համար, Արցախյան առաջին հերոսամարտի հերոս, մեր բուհի Պատմության ֆակուլտետի շրջանավարտի կերպարը՝ հայրենասիրության, իսկական հայի մարդ տեսակի ու քաջության  օրինակ: Էդգար Հովհաննիսյանը ուսանողներին նվիրեց Գարեգին Նժդեհի «Հիշիր պատերազմը» և այլ գրքեր և հքուրանք տղաներին կօգնեն ուսումնառության ընթացքում ամրապնդելու իրենց գիտելիքները:

Հանդիպումը շարունակվեց ուսանողների զեկուցումներով, որոնցում անդրադարձ եղավ հայ կանանց, որոնք ազգի պատմության մեջ մշտապես տղամարդկանց կողքին են եղել և ոչ միայն քաջալերել են, այլև մասնակցել տարբեր ազատագրական շարժումների: Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ընթերցումները նվիրված էին կնոջ դերին հայ և համաշխարհային պատմության մեջ:

Շուրջ երկու տասնյակ զեկուցումներում ներկայացվեցին հայ, եվրոպական և համաշխարհային պատմության մեջ իրենց հեղափոխական ու հասարակական գործունեությամբ հայտնի դարձած կանայք՝ հայդուկային շարժման մասնակիցներից մինչև կայսրուհիներ: