Ինչպիսի՞ն պետք է լինի ճարտարապետական կառույցը, որո՞նք են այն երեք հիմնական սկզբունքները, որոնցով պետք է ստեղծվեն ճարտարապետական կոթողները․ այս հարցադրմամբ Մանկավարժականում մեկնարկեց ՀՊՄՀ պրոֆեսոր Համլետ Միքայլելյանի հանդիպումը աշակերտների հետ։
Բուհում հյուրընկալվել էին Երևանի Գառնիկ Ադդարյանի անվան համար 133 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի սաները․ հանդիպումը «Հանրահաշիվ» դասագրքի հեղինակի հետ էր։
Օգտակարություն, ամրություն, գեղեցկություն․ պրոֆեսորի դիտարկմամբ՝ հենց այս երեք սկզբուքները պետք է լինեն ճարտարապետական կառույցների հիմքում, իսկ առանց մաթեմատիկայի հնարավոր չէ ստանալ նման շինություն։
Պրոֆեսոր Միքայելյանը նկատում է՝ մեր կյանքում առանց ճշգրիտ հաշվարկների հնարավոր չէ կառուցել ամուր և օգտակար որևէ բան․ մաթեմատիկան օգնում է նաև, որ դրանք լինեն գեղեցիկ՝ լինի դա դասարան, ընտանիք, ընկերություն։
«Մաթեմատիկան լեզու է, որով գրված է բնության ոսկե գիրքը, և որպեսզի կարդանք այդ գիրքը, պետք է իմանալ մաթեմատիկայի լեզուն»,- պրոֆեսորը աշակերտների հետ զրույցում հիշեցնում է՝ մաթեմատիկայի մասին տարբեր սահմանումներ կան, իրեն առավել հոգեհարազատ է իտալացի ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյի այս ձևակերպումը։
Համլետ Միքայելյանը հավելում է՝ իր հեղինակած Հանրահաշվի դասագրքում ևս կիրառել է «հանրահաշվի լեզու» եզրույթը․ «Ամեն ինչ մեր շրջապատում պետք է ճանաչել․ բնությունը ճանաչելու հիմնական զենքը մաթեմատիկան է։ Դժվար է կյանքում գտնել առավել օգտակար բան, քան մաթեմատիկան։ Սակայն, Գալիլեյը չգիտեր, որ իրենից դարեր հետո մաթեմատիկան կդառնա ոչ միայն բնությունը ճանաչելու միջոց, այլև հասարակական գիտություն»։
Պրոֆեսոր Միքայելյանը հանդիպմանը ներկա ուսուցիչներին հորդորեց աշակերտներին հանձնարարել շարադրություն գրել՝ «Մեկ օր առանց մաթեմատիկայի» վերնագրով․ այսկերպ նաև նրանք կգիտակցեն մաթեմատիկայի կարևորությունը կյանքում, որը նաև ձևավորում է խոսքի մշակույթ, փաստարկվածություն, տրամաբանություն, հստակություն։
Համլետ Միքայելյանը մեջբերում է հայտնիներից մեկի՝ մաթեմատիկան զարգացել է գեղագիտական մոտիվների, գեղեցիկի շնորհիվ միտքն ու հավելում՝ խնդրի լուծումը ստանալու ձգտումն է նաև դրա ապացույցը։
ՀՊՄՀ պրոֆեսորի դիտարկմամբ՝ մաթեմատիկայի կառույցը հավերժ կմնա․ դրա ամենամեծ ամրությունը ճշմարտությունն է, որի հաստատման զենքը ապացուցումն է։
«Հաջողության բանալին աշխատանքի մեջ է․ մաթեմատիկան նաև դրան է սովորեցնում»,-հանդիպման ընթացքում նշեց Համլետ Միքայելյանն ու հիշեցրեց՝ ամենաբարձր արժեքը հայրենիքն է, որի ապագան կերտվելու է նաև մաթեմատիկայի լավ իմացությամբ։
133 հիմնական դպրոցի ուսուցչուհի Գեղեցիկ Մարտիրոսյանը, որ նաև ՀՊՄՀ շրջանավարտ է, շնորհակալություն հայտնեց բացառիկ հանդիպման համար և խոստովանեց՝ մաթեմատիկան նախևառաջ սիրել է Համետ Միքայելյանի շնորհիվ։
Այսօր էլ, ինչպես տարիներ առաջ, հիացած լսում էր՝ վերհիշելով նրա դասավանդման տարիները։