Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի ուսանողների պրակտիկան անցկացնող դպրոցների տնօրենների հետ:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագարծակցության համար և հույս հայտնեց, որ հանդիպմանը որպես գործընկերներ կքննարկեն պրակտիկայի վերաբերյալ առաջարկները, դիտողություններն ու նկատառումները՝ դրանք վերանայելու, շտկելու և առավել շոշափելի ու դրական արդյունքներ ունենալու համար:
Ռուբեն Միրզախանյանը վերահաստատեց բուհի կողմից պրակտիկան կարևորելու ռազմավարությունը, խոսեց բուհի վերջին ձեռքբերումների, մասնավորապես՝ Մինեսոտայի համալսարանի հետ համատեղ ներառական կրթության վերաբերյալ առաջին դասագրքի ստեղծման մասին, որն իր անմիջական և շոշափելի արդյունքը կունենա նաև դպրոցներում:
Դպրոցների տնօրենները ևս շնորհակալություն հայտնեցին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև բուհ-դպրոց կապի ամրապնդմանն ուղղված նման հանդիպումների կազմակերպման համար և վստահեցրին, որ տարեցտարի նկատելի է ուսանողների՝ պրակտիկայի հանդեպ առավել լուրջ ու պատասխանատու մոտեցումը:
Խոսելով խնդիրների մասին՝ տնօրեններն ընդգծեցին, որ իրենց ղեկավարած հաստատություններում կա կենսաքիմիկների, գրադարանավարների և այլ մասնագետների պակաս, ինչը մտահոգության առիթ է՝ կապված մասնագետների պատրաստվածության հետ:
Նրանք ևս մեկ անգամ խոսեցին ուսանողների՝ դպրոցներում առավել շատ ժամանակ անցկացնելու կարևորության մասին, ինչը հնարավորություն է տալիս հստակ գիտակցել՝ կարո՞ղ են աշխատել դպրոցում, թե ոչ:
Հանդիպմանը տնօրենները խոսեցին նաև դպրոցներում հոգեբանի և լոգոպեդի հետ աշխատող ուսանողի անհրաժեշտության մասին. դա երկուստեք նպաստավոր և օգտակար կլինի և´ դասվարի, և´ պրակտիկա անցնող ապագա հատուկ մանկավարժի համար: Անդրադառնալով ներառական կրթությանը՝ տնօրենները ցանկություն հայտնեցին, որ ուսուցիչներին վերապատրաստողները լինեն հատկապես Մանկավարժական համալսարանից, որը հատուկ մանկավարժներ պատրաստող միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է: Տնօրեններն այն կարծիքին են, որ Մանկավարժական համալսարանը մշտապես պետք է հետևողական լինի հատկապես դպրոցական դասագրքերի ստեղծման գործում:
Ռեկտորը ևս մեկ անգամ ընդգծեց դպրոցների հետ աշխատելու բուհի պատրաստակամությունը և հույս հայտնեց, որ կշարունակեն երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, պրակտիկայի բարելավման և դպրոցները որակյալ կադրերով համալրելու գործի: