ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում
14.01.2019
Հանդիպում՝ Էրազմուս+ MODEST ծրագրի շրջանակներում

Օրերս Էրազմուս+ MODEST (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) ծրագրի շրջանակներում Մոսկվայի տեխնոլոգիայի և ֆիզիկայի ինստիտուտում կայացավ ծրագրի մեկնարկային հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին ծրագրի գործընկեր համալսարանները Անգլիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լատվիայից, Բելառուսից և Հայաստանից:

ՀՊՄՀ-ից հանդիպմանը մասնակցում էին բուհի Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը, Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի դասախոս Սվետլանա Մինասյանը, ինչպես նաև գիտահետազոտական կենտրոնի ավագ մասնագետ Արևիկ Ղազարյանը:

Հանդիպման առաջին օրը ծրագրի համակարգող Լատվիայի համալսարանը ներկայացրեց ծրագրի հիմնական նպատակները և խնդիրները, իսկ մասնակից համալսարանները՝ իրենց համալսարանների գիտահետազոտական գործունեությունը և հետազոտության հիմնական ուղղությունները:

Հանդիպումը շարունակվեց երեք խմբերի զուգահեռ աշխատանքով՝ քննարկելով համագործակցությունը հետազոտության ոլորտում, հետբուհական կրթությունը, ինչպես նաև ծրագրի վարչական և կազմակերպչական խնդիրները:

Նշենք, որ Էրազմուս+ MODEST-ը (Գիտության ոլորտում հետբուհական կրթության արդիականացումը և դասավանդման մեթոդաբանության բարելավումը) եռամյա ծրագիր է, որի նպատակն է Եվրոպական Բարձրագույն Կրթական տարածքի (EHEA) և Եվրոպական Հետազոտական տարածքի (ERA) շրջանակներում գործընկեր երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցային կարողությունների ընդլայնումը հետբուհական կրթության ոլորտում: