ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում Գրողների միության անդամների հետ
27.11.2019
Հանդիպում Գրողների միության անդամների հետ

Հայաստանի Գրողների միության հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել էր միության անդամների հանդիպում դասախոսների և ուսանողների հետ:

Հրանտ Մաթևոսյանի անվան լսարանում գրող, հրապարակախոս, թարգմանիչ Ռազմիկ Դավոյանը, արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծուհի Սուսաննա Հարությունյանը, բանաստեղծ, բուհի շրջանավարտ Տեր Թովմա Անդրեասյանը հանդիպմանը պատմեցին հետաքրքիր հուշեր ու դրվագներ իրենց ուսանողական և գրողների միությանն անդամակցելու տարիներից:

Հյուրերին ողջունեց Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, ապա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր, ՀԳՄ անդամ Աելիտա Դոլուխանյանը խոսեց ՀՀ Գրողների միություն-Մանկավարժական համալսարան համագործակցության մասին՝ ընդգծելով Հայաստանի գրողների և «Գրական թերթի» ակումբի անդամների, խմբագրակազմի պարբերական հանդիպումները ապագա բանասերների հետ: 

«Այս լսարանում են սովորել Հրանտ Մաթևոսյանն ու Ռազմիկ Դավոյանը, այս լսարանում ես դասավանդել եմ Սուսաննա Հարությունյանին: Լսարանն այժմ կրում է մեծանուն գրողի՝ Հրանտ Մաթևոսյանի անունը: Ուսանողական տարիներին մեր մշտական հյուրերն են եղել Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Համո Սահյանը, Վահագն Դավթյանը և Սիլվա Կապուտիկյանը: Ես հպարտ եմ, որ գրողների միջավայրում եմ, կարդում եմ նրանց ստեղծագործությունները և դրանք ներկայացնում իմ ուսանողներին»,-նշեց պրոֆեսոր Դոլուխանյանն ու հավելեց, որ Գրողների միությունն իրեն հարազատ է դեռևս ուսանողական տարիներից: 

Հանդիպումը շարունակվեց զեկուցումներով. Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանն անդրադարձավ Գ. Նարեկացու տաղերում գործածված մի քանի բառերի, որոնք նրա կատարյալ լեզվի մեջ են անցել թերևս միջին կամ նախամիջին հայերենից, իսկ Բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գրականագետ Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց Ռազմիկ Դավոյան գրողին, բանաստեղծին ու անհատին՝ իր հիացմունքն արտահայտելով բազմաժանր հեղինակի ստեղծագործական ժառանգության վերաբերյալ. «Ռազմիկ Դավոյանը հայտնվեց ժամանակակից գրականության հին ու նոր սերունդների գրական խաչմերուկում և հաջող քննություն բռնեց՝ ստանալով նախորդների գնահատումը որպես օրհնություն, իսկ գրական նոր սերնդի համար պոեզիայի ավանդների շարունակող ու հարստացնող դարձավ»:

ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը դեռևս Հրաչյա Աճառյանի համալսարանում դասավանդելիս է շփվել ուսանողների հետ: 1972 թվականից ՀԳՄ անդամ է: Ինտրայի ստեղծագործությանն էլ նվիրված ատենախոսությունը գրելիս մշտապես կապի մեջ է եղել Բանասիրական ֆակուլտետի դասախոսների հետ, իսկ 1985-ին, երբ դեռ մտավոր ազատությունը երբեմնի կապանքներից չէր ազատվել, Ինտրայի 70-ամյակին նվիրված գիտաժողովում նա հանդես եկավ զեկուցումով:

«Շարունակությունն է կարևորը»,-ասաց գրականագետը՝ 85 տարվա հեռավորությունից հիշելով, որ «Գրական թերթ»-ում ժամանակին զավեշտալի նյութեր էլ են տպվել, բայց ունեցել ենք նաև հրաշալի ընթացք:

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանն էլ սիրով հիշեց իր ուսանողական տարիները, երբ ակադեմիկոս Աշոտ Աբրահամյանի աջակցությամբ, ով Աճառյանի ուսանողն էր եղել, իր ուսումնառությունն անցկացրեց Հրաչյա Աճառյանի տան գրադարանում:
«Հրաշալի ուսանողական տարիներ եմ ունեցել, մեզ վրա ազդում էր միայն գաղափարական ճնշումը»,-անկեղծացավ բանաստեղծն ու ուսանողներին կոչ արեց պայքարել հայոց լեզվին սպառնացող վտանգների դեմ:

Պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը կիսեց Ռազմիկ Դավոյանի մտահոգությունները «մեր փոքր, բայց մեծ ժառանգություն ունեցող երկրի բախտի հանդեպ»՝ նաև փաստեց, որ «մեր ուսանողները հայրենասեր են, որովհետև այս մարկետինգի դարում ընտրել են Բանասիրական ֆակուլտետը»: