ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում համաճարակաբանի հետ
20.10.2021
Հանդիպում համաճարակաբանի հետ

Մանկավարժական համալսարանում շարունակվում են COVID-19 համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները. բուհի Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի նախաձեռնությամբ այս անգամ ևս պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց տեղեկատվական սեմինար:

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ բժիշկ-համաճարակաբան, ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը հանդիպման ընթացքում անդրադարձավ վիրուսի տարածմանը, վարակման հայաստանյան թվերին, դեպքերի կտրուկ աճին, մահվան ելքերին, ինչպես նաև խոսեց պատվաստվելու անհրաժեշտության մասին:

Վերջինս նկատեց՝ մեր երկիրն այսօր գտնվում է վարակի 4-րդ ալիքի գագաթնակետում, արձանագրված մահերի թվով էլ գերազանցում ենք պատերազմի ժամանակ կորոնավիրուսով պայմանավորված մահվան ելքերին.սա մտահոգվելու լուրջ առիթ է:

Համաճարակաբանը ներկաներին հորդորեց զերծ մնալ ապատեղեկատվությունից, չտրվել հակապատվաստումային շարժման քարոզներին, լինել զգոն և գիտակցաբար մոտենալ խնդրի լուծմանը.«Պատվաստվածության ընդգրկվածությամբ Հայաստանը տարածաշրջանում ունի վատագույն ցուցանիշը. սա խոսում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ մեր բնակչության կրթական ցածր մակարդակի մասին: Պատվաստման միջոցով հնարավոր կլիներ կանխել մահվան ելքերը, այնինչ դա չարվեց, ինչը նաև բժիշկների թերացումն էր: Անհրաժեշտ էր առավել լավ իրազեկել բնակչությանը, ընդհուպ դիմելով վարչարարական միջոցների»:

Մերի Տեր-Ստեփանյանը հույս հայտնեց, որ հաստատված դեպքերը, մահվան ելքերը կստիպեն հասարակությանն առավել շրջահայց լինել, մտածել պատվաստանյութերի արդյունավետության և դրանց շնորհիվ հետագա բարդացումներից խուսափելու մասին:

Հանդիպման ընթացքում Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Նարինե Սահակյանը նկատեց՝ բուհը պատշաճ կատարում է ՀՀ Առողջապահության նախարարության վերջին հրամանը.այդ մասին է վկայում նաև պատվաստվածների և պշռ հետազոտվածների վերաբերյալ վիճակագրությունը:

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան: