ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում համահամալսարանական ամբիոնների կազմի հետ
26.01.2017
Հանդիպում համահամալսարանական ամբիոնների կազմի հետ

ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հանդիպում ունեցավ բուհի համահամալսարանական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Հանդիպման ընթացքում ռեկտորն անդրադարձավ ուսումնական գործընթացի կատարելագործման նպատակով իրականացվող բարեփոխումներին՝ ընդգծելով, որ ցանկացած փոփոխություն հաջողված կլինի, եթե դրանց իրականացումը համադրվի տեղական պայմաններին:

Աշխատանքային հանդիպման ընթացքում ռեկտորն առանձնակի կարևորեց բուհի պխրոֆեսորադասխոսական կազմի մասնագիտական գործունեության վարկանիշավորման գնահատումը՝ վստահեցնելով, որ այն կունենա իր համապատասխան դրսևորումը նաև աշխատավարձերի վրա:

Google classroom հարթակում ակտիվ ներգրավում, գիտական գործունեության՝ այդ թվում նաև միջազգային պարբերականներում տպագրումների ընդլայնում, պրակտիկայի ղեկավարում և այլն. պրոֆեսորադասախոսական կազմի ուշադրությունը հրավիրելով այս և այլ հարցերի շուրջ ևս՝ Ռուբեն Միրզախանյանն առաջարկեց հանդես գալ առաջարկներով, որոնք կօգնեն էլ ավելի կատարելագործել բարեփոխումների ընթացքը:

Հանդիպման ընթացքում Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետ Մկրտիչ Ավագյանն էլ ներկայացրեց գործընթացի նպատակն ու խնդիրները, աշխատանքի սկզբունքները՝ վստահեցնելով, որ այն թույլ կտա առավել օբյեկտիվ գնահատել դասախոսի համապատասխանությունը տվյալ պաշտոնի որակավորման պահանջներին, ինչպես նաև բուհի կրթական և գիտական խնդիրների իրագործման մեջ նրանց ներդրումը և այլն:

Անդրադառնալով գնահատման ձևաչափին՝ Մկրտիչ Ավագյանը հստակեցրեց, որ այդ կլինի որակական, ուսումնական, մեթոդական, կազմակերպչական, գիտական, հետազոտական ցուցիչների համադրում, ինչպես նաև բուհը դիմորդներով համալրելուն ուղղված աշխատանքի գնահատում:

Կրթության բարեփոխումների և որակի վարչության պետը տեղեկացրեց նաև, որ այսուհետ անհրաժեշտ է ունենալ թղթապանակ և դրանում ներառել գնահատման ցուցիչները հաստատող փաստաթղթեր. աշխատանքի վերջնաժամկետը փետրվարի 20-նն է:

Համահամալսարանական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում եղան հարցեր, հնչեցին առաջարկներ ինչպես վարկանիշավորման, այնպես էլ ուսումնական գործընթացի կազմակերպման տարբեր հարցերի վերաբերյալ: