ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում հայագետ, թարգմանիչ Սոնա Հարությունյանի հետ
18.09.2024
Հանդիպում հայագետ, թարգմանիչ Սոնա Հարությունյանի հետ

ՀՊՄՀ «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնը կազմակերպել էր հանդիպում հայագետ, թարգմանիչ, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանի հետ։

Վերջինս նաև «Արտույտների ագարակը» գրքի թարգմանիչն է։  Ուսանողների հետ հանդիպմանը նա անդրադարձավ իտալական գրականության մեջ Հայոց ցեղասպանության թեմային, մասնավորապես՝ վերապրածների  վկայություններին ու դրանց հիման վրա ստեղծված հուշագրություններին, գեղարվեստական գրականությանը, նկարահանված ֆիլմերին ու տարբեր լեզուներով թարգմանություններին։ Սոնա Հարությունյանը ներկայացրեց իր հեղինակած «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» և «Հայոց ցեղասպանության արձագանքներն իտալիայում. 1915» գրքերը:

Նա խոսեց այն մասին, որ ցեղասպանությունը վերապրածների հիշողությունների մեջ է, սակայն հոգեբանական խոչընդոտների արդյունքում դրանց մասին նրանք խոսել են տասնամյակներ հետո․ 8-10 տարեկանում անցել են այդ հրեշավոր ցեղասպանության միջով և այդ մասին խոսել միայն 60 տարեկանում։ Թերևս տասնյակ տարիներ են պետք եղել՝ հոգեբանական խոչընդոտներից ձերբազատվելու համար։ Կյանքի վերջին շրջանում վերապրյալները պատասխանատվություն են զգացել Եղեռնի սարսափներն արդեն երրորդ սերնդին պահ տալու՝ որդիներին վտանգի մեջ չնետելու ակնկալիքով։ Հուշերի բացահայտումը հիմնականում վերապրածների թոռներին է վերապահվել, որոնց շնորհիվ էլ Եղեռնի մասին հուշագրությունները տրվել են պատմությանն ի պահ։

Բանախոսը ներկայացրեց Էրզրումում ծնված և Պալերմոյում իր մահկանացուն կնքած, առաջին հուշագրության ներկայացուցիչ Հ․ Կյուրեղ Զոհրապյանի, Խորեն Միրաքյանի «Հովվից բժիշկ», Խոտորջուրում ծնված Ռաֆայել Ճանիկյանի «Խոտորջուր․ 100 տարի անց»,  Հարություն Գազանճյանի, Մանուկ Խանբեկյանի, Ալիս Տաշչյանի՝ մոր հուշերի հիման վրա ստեղծված հուշագրությունները։

Իտալիայում եղեռնի թեման արտահայտվել է ոչ միայն հուշագրություններում ու գեղարվեստական գրքերում, այլև պատկերների միջոցով, որի վկայությունն է Պաոլո Կոսսիի «Մեծ եղեռն, մեծ չարիք» պատկերագիրքը․ այն թարգմանվել է տարբեր լեզուներով, արժանացել մրցանակների, իսկ կինոբեմադրիչ Վազգեն Բերբերյանի «Անտարբեր երկնքի տակ» գեղարվեստական երկն էլ վերաբերում է Ցեղասպանությունից փրկվածների հետեղեռնյան շրջանի դեգերումներին։

Սոնա Հարությունյանը խոսեց նաև «Pro Armenia․ Հրեական ձայները Ցեղասպանության վերաբերյալ» գրքի հրատարակության մասին և ընդգծեց, որ այս բոլոր գրքերն անհրաժեշտ են 20-րդ դարի ոճրագործության մասին աշխարհին իրազեկելու համար։

Նա անդրադարձավ նաև Երվանդ Արսլանյանի թոռնուհու՝ Անտոնիա Արսլանի «Մուշի պատմությունը», «Արտույտների ագարակը» վեպերին․ վերջինը 40 անգամ վերահրատարակվել է։ Այդ վեպերը թարգմանվել են տարբեր լեզուներով, այդ թվում ՝ նաև հունգարերեն, և հռչակվել որպես մի ժողովրդի ողբերգություն, եղեռնի չարիքի բացահայտման վկայություն՝ հատելով Իտալիայի սահմանը և դառնալով  բոլորինը։

Խարբերդցի Երվանդ Արսլանյանի հուշերը Անտոնիա Արսլանը դարձրեց վեպ, որի հիման վրա իտալացի եղբայրներ Պաոլո և Վիտտորիո Տավիանի եղբայրները ֆիլմ նկարահանեցին։

Վեպը 2007 թվականին հայերեն թարգմանած Սոնա Հարությունյանը խոստովանեց՝ դա սոսկ թարգմանություն չէր, ջարդերի տեսարանների որոշ հատվածներ մեծ դժվարությամբ է թարգմանել։

ՀՊՄՀ Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց Սոնա Հարությունյանին՝ կարևոր դասախոսության համար՝ ընդգծելով հայ ինքնության հարցերին անդրադառնալու անհրաժեշտությունն ու նրա մեծ ջանքերը։