ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ
24.12.2018
Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ

«Ցանկալի է, որ հայցորդների և ասպիրանտների ամենագլխավոր նպատակը չլիներ միայն գիտական աստիճան ստանալը, այլ թեմայի՝ բովանդակության տեսանկյունից լայն կիրառական նշանակությունը տվյալ ոլորտում»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ 2018-2019 ուսումնական տարում ասպիրանտուրա ընդունված և հայցորդություն ձևակերպած դիմորդների հետ հանդիպմանը:

Ռեկտորն անդրադարձավ գիտական ոլորտի մի շարք խնդիրներին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ մեր երկրում մանկավարժական և գիտական գործունեությունը չունի ֆինանսական համապատասխան վարձատրություն, իսկ դրան զուգահեռ՝ հենց նրանք են պատրաստում ամենատարբեր ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներին:

Ռեկտորը նկատեց՝ գիտության ոլորտում ծերացում է գնում մի քանի պատճառներով պայմանավորված, դրանցից մեկն էլ տարեցների՝ տեղեկատվական տեխնոլոգիաներին ոչ բավարար չափով տիրապետելն է, ինչը որոշոկի դժվարություններ է ստեղծում:

Ամփոփելով՝ Ռուբեն Միրզախանյանն ասպիրանտներին և հայցորդների հորդորեց զերծ մնալ գրագողությունից, ապա շնորհավորեց գալիք Նոր տարին և մաղթեց հաջողություններ:

Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանն էլ ներկայացրեց ՀՊՄՀ-ի ասպիրանտուրա ընդունված և հայցորդություն ձևակերպած դիմորդների թիվը և ընդգծեց՝ նրանք հիմնականում կայացած մասնագետներ են ամենատարբեր կառույցներից. «Այդ վստահությունը կրկնակի պարտավորեցնող է, քանի որ նրանց ընտրությունը պայմանավորված է բուհում կատարված և դեռ շարունակվող փոփոխություններով»:

2-րդ օտար լեզվի ուսուցում, բուհական մանկավարժություն և հոգեբանություն, ինչպես նաև կրթության կառավարում առարկաների ներդրում և այլ փոփոխություններ. Կամո Վարդանյանը խոսեց նաև այս և այլ փոփոխությունների մասին, որ կատարվել է ասպիրանտական և հայցորդական կրթական համակարգում՝ ուսումնասիրելով արտասահմանյան առաջավոր փորձը: Նա խորհուրդ տվեց օգտվել բուհի Google Clasroom էլեկտրոնային հարթակից, ինչպես նաև հոդվածներ տպագրել բուհի 7 պարբերականներում՝ ստեղծելով ամուր հիմք պաշտպանությունների համար:

«Ձեր ուսերին կրկնակի պատասխանատվություն է դրված. մասնագիտական ոլորտի գիտելիքներ ունենալուց բացի, պետք է կարողանաք ունեցածը փոխանցել նաև ուրիշներին»,-նշեց Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանն ու վստահեցրեց՝ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորինս կաջակցի այդ գործում:

Պրոֆեսորը վստահեցրեց՝ ՀՊՄՀ-ն մարդու երազանքների իրականացման համալսարանն է, ուր աննկատ չի մնում լավ սովորող ոչ մի ուսանող:

Հայցորդներն ու ասպիրանտները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և հույս հայտնեցին, որ իրենց փոքր քայլերը կդառնան թռիչք գիտության մեջ՝ ամրագրելով նոր ձեռքբերումներ և նվաճումներ: