ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ
03.02.2020
Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ

«Չի բացառվում, որ հետագայում ձեզնից շատերը համալրեն մեր շարքերը: Թեև այսօր մանկավարժ-մասնագետները սոցիալական առումով լավագույն վիճակում չեն, սակայն ցանկացած երկրի և հասարակության համար կրթության ու գիտության զարգացումը ամենաառաջնայինն է»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը՝ 2019-2020 ուսումնական տարում ասպիրանտուրա ընդունված և հայցորդություն ձևակերպած դիմորդների հետ հանդիպմանը:

Ռեկտորը շնորհավորեց Մանկավարժական համալսարանի հայցորդներին և ասպիրանտներին և ևս մեկ անգամ ընդգծեց, որ կարևորում է հետազոտական ոլորտը երիտասարդական կադրերով համալրելը:

Գիտության ոլորտն ընտրած երիտասարդներին Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի՝ միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված և ընդգրկվելիք գիտական պարբերականները և վստահեցրեց, որ դրանք լավ հնարավորություն են երիտասարդների համար՝ հրապարակելու իրենց հետազոտական աշխատանքները: Ռեկտորը հայցորդներին և ասպիրանտներին հորդորեց նաև հետազոտություններ կատարելիս լինել առավել ինքնուրույն, չարտագրել, իսկ համացանցից զգուշորեն օգտվել:

Հայցորդներին և ասպիրանտներին շնորհավորեց նաև Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը և ուրախությամբ նկատեց՝ նրանց մեծ մասը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են:

«Որպես մանկավարժ-դասավանդողներ՝ մենք օրինակ ենք մյուսների համար, պետք է գիտակցեք, որ այսուհետև այդ դերը դուք եք ստանձնելու»,-նշեց պրոֆեսոր Թոփուզյանն ու հորդորեց հնարավորինս շատ աշխատել, սովորել ինքնուրույն համեմատել, վերլուծել, եզրակացնել:

Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Հասմիկ Հովհաննիսյանն էլ հավելեց, որ ամբիոնում գործում է երիտասարդ գիտնականի խմբակ, այն բաց է գիտությամբ զբաղվող յուրաքանչյուրի համար:

«Գիտական աշխատանքում հաջողության հասնելու համար 90 %-ը տեխնիկայինն է, 5 %-ը՝ թեմայինը, 3%-ը աշխատասիրությունն է և միայն 2 %-ը՝ ընդունակությունը»,-մեջբերելով փիլիսոփա Գեորգ Բրուտյանի խոսքերը՝ նշեց Հասմիկ Հովհաննիսյանն ու ևս մեկ անգամ հիշեցրեց՝ հետագայում նրանք իրենց ուսանողներին պիտի սովորեցնեն ինքնուրույնություն:

Հանդիպման ավարտին  2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտներն ու հայցորդները որպես նվեր ստացան «Մանկավարժական համալսարան» ալբոմը՝ ռուսերեն և անգլերեն տարբերակներով: