ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ
22.03.2023
Հանդիպում հայցորդների և ասպիրանտների հետ

«Մենք կարևորում ենք, որ ձեր մասնագիտական նկրտումները, երազանքները, գիտական նվաճումները կապել եք Մանկավարժական համալսարանի հետ, որտեղ էլ ձևավորվելու եք որպես գիտական հանրույթի ներկայացուցիչներ։ Վերջին տարիներին հատկապես՝ բուհի առաջատար ուղղությունները՝ մանկավարժութունը, հոգեբանությունն ու դասավանդման մեթոդիկան որակյալ երիտասարդ մասնագետների ուշադրության կենտրոնում են։ Վստահ եմ՝ ձեզնից յուրաքանչյուրն իր ներուժով ու կարողություններով կրթությունը դիտարկում եք առաքելություն, որով պայմանավորված է վաղվա փոփոխությունը»,-այսօր 2022-2023 ուստարվա ասպիրանտների և հայցորդների հետ հանդիպմանը նշեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Ռեկտորն ընդգծեց՝ Մանկավարժականը հավատարիմ է իր առաքելությանը, շարունակում է կրթության ոլորտում փոփոխությունների լայնամասշտաբ գործընթացը․ այն այսօր գրավիչ է ոչ միայն ՀՀ-ի, այլև արտերկրի քաղաքացիների համար։ Այդ է վկայում Չինաստանից, ԱՄՆ-ից հանդիպմանը միացած հայցորդների ներկայությունը։

Պրոֆեսոր Գևորգյանը կարևորեց կրթության ոլորտում ինքնակրթության, անձնային ներդրման, մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու անհրաժետությունը՝ վստահեցնելով, որ առանց դրա գործընթացը չի հաջողի։

Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց բուհի գիտական գործունեությունը, պարբերականներն ու խոստացավ ՝ նման հանդիպումներն առավել հաճախ կկազմակերպվեն․ բուհի լավագույն մասնագետները պատրաստ են լսել, աջակցել, ուղղորդել, նրանք ծառայում են գիտական այդ նպատակին։

Մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աիդա Թոփուզյանը նկատում է՝ Մանկավարժական համալսարանն իր կրթությամբ, մասնագիտությունների բազմազանությամբ տարբերվում է այլ բուհերից։ Այստեղ դեռևս ուսանողական տարիներին սովորեցնում են ներդրում անել մասնագիտության մեջ։

Պրոֆեսորի դիտարկմամբ, փոխվել են մանկավարժության և մանկավարժությունը կրող մարդկանց նկատմամբ շեշտադրումները։


Պետք է լինել մարդասեր, ունենալ քննադատական մտածողություն, պատրաստ լինել ծառայելու, հաղորդակցվելու․ դասախոսի աշխատանքն այսօր համարվում է համագործակցություն ապահովող գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է նոր գիտելիք։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը, ներկայացնելով իր ամբիոնի գործունեությունը, գիտական հետազոտության մեթոդաբանությունը՝ պատասխանատու քայլ համարեց մեր օրերում գիտության ընտրությունն ու այդ ճանապարհին փիլիսոփայական գիտելիքներ ձեռք բերելու կարևորությունը։ Նկատում է՝ այն, ինչ ունենք այսօր կրթական համակարգում, վաղն իր արտահայտությունն է ունենալու հանրային հարաբերություններում։ 

Պրոֆեսոր Լաուրա Ասատրյանն էլ ապագա գիտնականներին հորդորեց՝ գիտական գործունեություն սկսելուց առաջ երկար մտածել և պատասախանատու լինել ընտրած նպատակի առջև։ Ընդգծում է, որ առանց հոգեբանամանկավարժական և դրանց հիմքը կազմող փիլիսոփայական գիտելիքների՝ չեն կարող իրականացնել հետազոտական արդյունավետ գործունեություն։ 

Հանդիպմանը ներկա էին ասպիրանտներին և հայցորդներին դասավանդողները, որոնք ներկայացրին գիտության ոլորտում իրենց անցած ճանապարհը, գիտական փորձառությունը, կիսվեցին պրակտիկ խորհուրդներով։ 

Հանդիպման ավարտին ասպիրանտներն ու հայցորդներն ուսումնական գործընթացի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղեցին բուհի ղեկավար կազմին։