ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ
23.07.2018
Հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

«16 երկրից եկած համահավաք ծափերն ուղղված են Ձեզ, քանի որ ներկաների համար անչափ սպասված էր հայ դասական երաժշտության առաջատարի, կենդանի լեգենդի հետ հանդիպումը»-նշեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը՝ ՀՊՄՀ-ում վերապատրաստվող ուսուցիչների և կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպման ընթացքում:

Պրոֆեսոր Դանիելյանը հավաստիացրեց, որ արվեստի նահապետի ստեղծագործությունները անհուն սեր են վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:

«Սփյուռքահայ ուսուցիչները հայոց լեզվի փրկիչներն են ու պաշտպանը: Հայերենն, անշուշտ, երաժշտական լեզու է, իսկ երաժշտականությունը նրանց համար մի ամբողջ աշխարհ է»,-նշեց Սուրեն Դանիելյանն ու ուսուցիչների անունից վստահեցրեց՝ մեծագույն հպարտություն է երաժշտարվեստի նահապետի հետ հանդիպումը:

Տիգրան Մանսուրյանի հետ հանդիպումը շարունակվեց հարցուպատասխանի ձևաչափով. ուսուցիչներն հետաքրքվեցին համաշխարհային երաժշտարվեստում հայկական երաժշտության դիրքով, կոմպոզիտորի իրականացված և չիրականացված երազանքներով և այլն:

«Մենք երաժշտության ուժ ունեցող ժողովուրդ ենք և մեզ ճանաչողները գիտեն հստակ անուններ: Ներկայիս երիտասարդները հայտնվում են համաշխարհայնացման պարտադրանքների մեջ, բայց ես քաջալերում եմ ազատ նավարկողներին: Ես հույս ունեմ, որ նրանցից շատերը համալրելու են մեր ձեռքբերումները և միմյանց կապելու անցյալի և ներկայի կետերը»,-նշեց կոմպոզիտորը:

Խոսելով չիրականացված երազանքների մասին՝ վարպետը նշեց, որ մշտապես ձգտել է օպերա գրել Ե. Չարենցի «Երկիր Նաիրի»-ն, բայց տարիների ընթացքում համոզվել է՝ «Անուշը» չգերազանցված և ժողովրդական օպերա է:

Նա խոսեց նաև իր գրական փորձերի մասին և խոստովանեց՝ սիրում է հայոց լեզուն և մշտապես ունեցել է բառերով ապրելու, դրանք վայելելու հաճույք: Խոսելով նաև լուսանկարչության հանդեպ պատանեկան հետարքրությունների, ստեղծագործական ճանապարհին հանդիպած իր մեծագույն ուսուցիչների մասին՝ վարպետը հորդորեց. «Կյանքում ամեն բան, ինչպես և կյանքը, մեկ անգամ է լինում. մնացածները կարկատաններ են»:

Հանդիպմանը ներկաները վայելեցին նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկի՝ «Կտոր մը երկինք»-ի երաժշտության կենդանի կատարումը: