ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ
18.07.2019
Հանդիպում կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ

«Մենք պետք է տևենք: Իսկ մեր լեզվի տևականությունը դուք եք ապահովում, դուք այդ գործում մեծագույն առաքելություն ունեք, երբ աշխարհի տարբեր երկրներում հայ երեխաների եք դասավանդում»,- ՀՊՄՀ-ում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, հռչակավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով. ուսուցիչները հետաքրքվեցին իր և Կոմիտասի արվեստի միջև ձգված ճանապարհի, համաշխարհային երաժշտարվեստում հայկական երաժշտության դիրքով, կոմպոզիտորի իրականացված և չիրականացված երազանքներով և այլն:

«Ես չեմ համարձակվի Կոմիտասին գնահատել, ինչպես Ալեքսանդր Բլոկը պատասխանեց Պուշկինի պոեզիան գնահատելու լրագրողի խնդրանքին: Նա հայ կոմպոզիտորական արվեստի հիմնադիրն է, ում հաջողվեց համադրել ու բյուրեղացնել երաժշտական մի քանի շերտեր: Տիգրան Մանսուրյանը պատմեց, որ իրենց տանը հոր կատարմամբ մշտապես հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, և ինքը մեծացել է կոմիտասյան ոգով ներծծված մթնոլորտում: Գնահատելով իր արվեստը՝ մաեստրոն նկատեց, որ տարիների ընթացքում մնաց երաժշտությունը սիրող, որովհետև դա կենսակերպ է, առանց երաժշտության ապրելու անհնարինություն:

Խոսելով հայոց լեզվի երաժշտականության մասին՝ կոմպոզիտորը վստահեցրեց, որ երաժշտությունն ու հայոց լեզուն սերտորեն կապված են միմյանց. «Այն իր շեշտադրությամբ ու հնչյուններով արդեն իսկ երաժշտություն է»:

Հետահայաց վերլուծելով ստեղծագործական իր հարուստ ժառանգությունը, սակայն, մաեստրոն խոստովանեց՝ մեծ թվով պարտքեր ունի. չնայած ունենք հոգևոր երաժշտության հսկայական աղբյուրներ, սակայն անկախության տարիներին չենք կարողացել նոր հմայք տալ և այն ներկայացնել մեծ բեմերում՝ մնալով տեսակին հավատարիմ:

«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց արդեն ավանդույթ դարձած հանդիպման համար՝ վստահեցնելով, որ այն թույլ է տալիս սփյուռքահայ ուսուցիչներին վառ պահել իրենց կերպարն ու իբրև յուրատեսակ նկարագիր՝ այն փոխանցել աշակերտներին:

«Մենք իրավունք ունենք շրջվելու և նկատելու, թե ինչ մեծեր են փայլատակել ու այսօր էլ փայլատակում համաշխարհային երաժշտության պատմության մեջ: Այդ պատմության մեջ Դուք մեզ համար առաջնորդ եք, որ կարողանում եք հայակերտության ճանապարհ բացել մեր զգացմունքային դաշտում: Ձեր երաժշտությամբ մի մեծ աշխարհ եք նվիրել, որով արտահայտվում են մեր հույզերն ու հայրենասիրությունը»,-նշեց պրոֆեսոր Դանիելյանն ու մաեստրոյին խորհուրդ տվեց 80-ամյա բարձունքից վայելել այն անհուն սերը, որ կա և´ Հայաստանում, և´ Սփյուռքում:

Սփյուռքահայ ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ու մտերմիկ հանդիպման համար, առանձին ելույթներում վերհիշեցին տարբեր տարիներին մաեստրոյի հետ ունեցած հանդիպումները և վստահեցրին՝ այս հանդիպումն ասես մի ոսկե թել լիներ վերապատրաստումների ընթացքում, որը որպես հուշ պիտի տանեն իրենց հետ:

Հանդիպման մասնակիցները վայելեցին նաև կոմպոզիտորի ստեղծագործություններից մեկի՝ «Կտոր մը երկինք»-ի կենդանի կատարումը: