ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում Լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ
22.07.2019
Հանդիպում Լեզվի կոմիտեի և ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ

«Մեծացել եմ ուսուցչի ընտանիքում և շատ լավ գիտեմ, թե ինչ դժվար գործ է: Մենք գործընկերներ ենք. ես ամբողջ կյանքում զբաղվել եմ հայերեն սովորեցնելով: Չնայած այս պահին կտրվել եմ ուսումնական պրոցեսից, սակայն դպրոցների հետ կապված եմ դասագրքերի միջոցով»,-նշեց Լեզվի կոմիտեի, ՀՊՄՀ-ի Խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ Մանկավարժականում վերապատրաստվող սփյուռքահայ ուսուցիչների հետ հանդիպմանը:

Հարցուպատասխանի ընթացքում խոսեցին հայերենի ուղղագրության միասնականությունից և արևելահայերենի ու արևմտահայերենի տարբեր խնդիրներից։

«Հասարակությունը պահանջկոտ է»,-վստահեցրեց Դավիթ Գյուրջինյանը՝ անդրադառնալով լեզվի միասնականացման հարցին և հավելեց, որ այս պահին հայաստանյան հասարակությունը պատրաստ չէ դրան: Բացի այդ, դրան պետք է նպաստի նաև պետությունը:

Նա այն կարծիքին է, որ բարենորոգումները պետք է սկսել կրթությունից, քանի որ շատ հաճախ ավանդական ուղղագրությունը խորթ է նույնիսկ բանասիրական բաժինների շրջանավարտներին. «Պետք է փոխել կրթական համակարգի տրամաբանությունը: Սա կրթական և հասարակական մտածողության խնդիր է: Այդ հարցում չկա նաև գիտական հետաքրքրություն»,-հավելեց Լեզվի կոմիտեի նախագահը:

Խոսելով ցուցանակների սխալների, եթերից հնչող անգրագետ խոսքի մասին՝ վերջինս անդրադարձավ նաև իր ղեկավարած կառույցի գործառույթներին, արդյունքներին, հետագա աշխատանքներին և հավաստիացրեց՝ արդյունքը տեսանելի կլինի, եթե հասարակության ջանքերը համատեղվեն և փոխվի վերաբերմունքը. մի բան հստակ է՝ մեր ազգին բնորոշ է օտարամոլությունը:

Հանդիպմանը անդրադարձ եղավ նաև սոցցանցերում հայատառ գրելու, տառադարձության և առաջ գնալու համար խնդիրների մասին խոսելու անհրաժեշտության մասին:

«Սփյուք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, որը հնարավորություն տվեց անմիջականորեն ծանոթանալ խնդիրներին, սփյուռքահայ ուսուցիչների մտահոգություններին: Նա կարևորեց լեզվի խնդիրների շուրջ մտահոգությունների մասին երկխոսությունը հենց լեզվաշինության մեջ կարևոր դերակատարություն ունեցող մարդու հետ, որը քաջ գիտակցում է իր դերակատարությունը, գործի դժվարությունը: