ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում պրակտիկա կազմակերպող դպրոցների տնօրենների հետ
11.10.2019
Հանդիպում պրակտիկա կազմակերպող դպրոցների տնօրենների հետ

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի ուսանողների պրակտիկան անցկացնող դպրոցների տնօրենների հետ:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագարծակցության համար և հույս հայտնեց, որ հանդիպմանը որպես գործընկերներ կքննարկեն պրակտիկայի վերաբերյալ առաջարկները, դիտողություններն ու նկատառումները՝ դրանք վերանայելու, շտկելու և առավել շոշափելի ու դրական արդյունքներ ունենալու համար:

Ռուբեն Միրզախանյանը վերահաստատեց բուհի կողմից պրակտիկան կարևորելու ռազմավարությունը, խոսեց բուհի վերջին ձեռքբերումների, մասնավորապես՝ Web of Science գիտաչափական շտեմարանում «Իմաստություն» հանդեսի ընդգրկման, Մինեսոտայի համալսարանի հետ համատեղ ներառական կրթության վերաբերյալ առաջին դասագրքի ստեղծման մասին, որն իր անմիջական և շոշափելի արդյունքը կունենա նաև դպրոցներում:

«Արդյունավետ չի լինի ցանկացած միջազգային փորձ, եթե հաշվի չառնենք մեր ազգային առանձնահատկություններն ու իրավիճակը»,-նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու անդրադարձավ նաև բուհում սովորելու ընթացքում գործընկեր համալսարաններում սովորելու, պրակտիկա անցկացնելու հնարավորություններին: Մասնավորապես՝ ռեկտորը խոսեց այս տարի ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի և Ցյուրիխի արվեստների համալսարանի ուսանողների համատեղ պրակտիկայի մասին, երբ հայ և շվեյցարացի ուսանողները փոխադարձ այցերով իրենց պրակտիկան անցկացրին երկու բուհերում:

Դպրոցների տնօրեններն ափսոսանքով են նկատում՝ ուսուցչի մասնագիտության հանդեպ հետաքրքրությունը նկատելիորեն նվազել է, ինչը երբեմն խոչընդոտ է հանդիսանում ուսուցչական կազմը որակյալ մանկավարժներով համալրելու գործում: Տնօրենները հավաստիացնում են՝ ունեն դասվարների, ինֆորմատիկայի, բնագիտամաթեմատիկական առարկաների գծով ուսուցիչների, հոգեբանների և լոգոպեդների թափուր հաստիքներ. պատճառը հիմնականում ցածր աշխատավարձն է:

«Պրակտիկա անցնող ապագա մանկավարժների համար դպրոցում չկան փակ դռներ»,-վստահեցրին դպրոցների տնօրեններն ու խոսելով պրակտիկայի կազմակերպման խնդիրների մասին՝ հետաքրքրվեցին, թե ինչպիսի խնդիրների են հանդիպում ուսանողները և մեթոդիստները դպրոցներում:

Տնօրեններն անդրադարձան նաև Մանկավարժականի ուսանողների պատրաստվածությանը և նշեցին, որ որոշ դեպքերում մասնագիտական խորը գիտելիքների կողքին մանկավարժական մեթոդների իմացությունը թույլ է: Հանդիպման ընթացքում տնօրեններն առանձնակի կարևորեցին ուսուցիչների վերապատրաստումը Մանկավարժական համալսարանում կազմակերպելու անհրաժեշտությանը, ինչը հնարավորություն կտա ամրապնդել բուհ-դպրոց հետադարձ կապը: Բացի այդ, առաջարկեցին ՀՊՄՀ-ի հիմնական, ավագ և պրակտիկա անցկացնող դպրոցների հետ համատեղ կազմակերպել ամառային դպրոց-ճամբար, ինչպես նաև հետաքրքրություն դրսևորեցին մասնակցելու բուհում կազմակերպվող կոնֆերանսներին, որի ժամանակ, որպես սկսնակ հետազոտողներ, զեկույցներով հանդես կգան աշակերտները:

Ռեկտորը ևս մեկ անգամ ընդգծեց դպրոցների հետ աշխատելու բուհի պատրաստակամությունը և հույս հայտնեց, որ կշարունակեն երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշման, պրակտիկայի բարելավման և դպրոցները որակյալ կադրերով համալրելու գործի: