ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ
30.08.2017
Հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ռեկտորն անդրադարձավ 2017-2018 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներին և ընդգծեց, որ վիճակն առավել լավ է մագիստրատուրայի և շարունակական կրթության ուղղությամբ:

Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ դիմորդների թվի համեմատական կրճատումն ուղղակիորեն կանդրադառնա նաև դասախոսների ծանրաբեռնվածության վրա և հավելեց՝ հասարակության մոտեցումների փոփոխությանը զուգահեռ, պետք է ձգտել հրապուրիչ դարձնել մանկավարժի մասնագիտությունն ու բուհը:

Խոսելով բարձրագույն կրթության ոլորտի առաջիկա փոփոխություններից՝ ռեկտորը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարուց այլևս չեն լինելու ավարտական քննություններ. «Ավարտական նիշն այսուհետ ձևավորվելու է ավարտական աշխատանքի և պրակտիկայի գնահատականներից: Խիստ կարևորելով երկու բաղադրիչների արդյունավետությունը՝ պետք է տարեսկզբից հաստատել աշխատանքների թեմաներն ու պրակտիկաների ղեկավարներին»,-հավելեց ռեկտորը:

Ռուբեն Միրզախանյանն անդրադարձավ նաև ուսումնական գործընթացի բարելավմանը և վստահեցրեց, որ լսարանները հագեցված են տեխնիկական հնարավորություններով և պատրաստ են դասերը ինտերակտիվ մեթոդներով անցկացվելուն:

Վերջինս պատասխանեց նաև դասախոսների հարցերին, որոնք վերաբերում էին նոր ուսումնական ծրարգրեր կազմելուն, վարձավճարներին, կրթական քաղաքականության նոր մոտեցումներին:

«Միասին մտածենք և ամենօրյա աշխատանքով բարելավենք կրթության որակը»,-հանդիպման ավարտին նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և շնորհավորելով նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթեց հաջողություններ, նոր ձեռքբերումներ: