ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ
31.08.2018
Հանդիպում պրոֆեսորադասախոսական կազմի հետ

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանդիպեց բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Ռեկտորն անդրադարձավ 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության արդյունքներին և ընդգծեց, որ պրոֆեսորադասախոսական կազմի կրճատումներից հնարավոր եղավ խուսափել ուսումնական ծանրաբեռնվածությունը նվազեցնելու շնորհիվ:

«Մանկավարժական համալսարան տարբեր մասնագիտությունների գծով բակալավրի առկա ուսուցման համակարգ ընդունվել է 540 ուսանող. դիմորդների թվով բուհը երկրորդ տեղում է, սակայն բոլոր տարիների համեմատությամբ՝ այն նվազագույնն է»,-նշեց ռեկտորն ու խոսեց այդ ուղղությամբ հետագա անելիքների մասին:

Ռեկտորը կարևորեց բուհի ուսանողներին տարբեր ծրագրերի շրջանակներում արտասահման ուղարկելու հնարավորությունները, բայցև ընդգծեց՝ նույնքան կարևոր է ՀՊՄՀ-ն հրապուրիչ դարձնել նաև օտարազգի ուսանողների համար:

Հանդիպմանը ռեկտորն առանձնակի կարևորեց ուսուցման որակի բարձրացման անհրաժեշտությունը, ինչն ուղղակիորեն անդրադառնում է ապագայի ուսուցիչների որակի վրա. «Եթե ուզում ենք վկայական հանձնենք արժանիներին, ուրեմն պետք է մտածենք՝ ինչպիսի՞ ուսուցիչ ենք ուզում տեսնել 21-րդ դարում»,-նշեց ռեկտորն ու հորդորեց ուսուցման ողջ ընթացքում առաջնահերթություն տալ ուսանողների ինքնուրույն մտածողության, կարողությունների զարգացմանը:

Ռուբեն Միրզախանյանը ևս մեկ անգամ ընդգծեց ուսուցման համակարգում Google Classroom էլեկտրոնային հարթակի կարևորությունը և հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանան կատարելագործել շարունակական փոփոխություններ պահանջող համակարգը:

«Միասին մտածենք և ամենօրյա համատեղ աշխատանքով գրանցենք կրթության նոր որակ»,-հանդիպման ավարտին նշեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և շնորհավորելով նոր ուսումնական տարվա առթիվ՝ մաղթեց հաջողություններ, նոր ձեռքբերումներ: