ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում ռեկտորի հետ՝ որակավորման քննություններին ընդառաջ
18.04.2017
Հանդիպում ռեկտորի հետ՝ որակավորման քննություններին ընդառաջ

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, ամփոփիչ ատեստավորման քննություններին ընդառաջ հանդիպեց բուհի մի քանի ֆակուլտետների ավարտական կուրսերի ուսանողների հետ:

Ռեկտորը ներկայացրեց որակավորման քննությունների հետ կապված նորամուծություններն ու պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցրերին:

Փոփոխությունները մասնավորապես վերաբերում են նախորդ տարիներին հարցաշարում առկա մանկավարժության հարցերին, որոնք այս տարի փոխարինվել են մանկավարժական պրակտիկայի նիշով, ինչպես նաև քննությունների անցկացման էլեկտրոնային եղանակին. նախորդ տարի 3, իսկ այս տարի արդեն բոլոր 10 ֆակուլտետներում որակավորման քննությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով: Ռեկտորի կարծիքով՝ նման մոտեցումը կնպաստի ուսանողների պատասխանը առավել օբյեկտիվ գնահատելուն և գնահատականը տեղում իմանալուն:

Այս տարի ևս քննասենյակներում կլինեն մասնագիտական և ուսումնաօժանդակ գրականություն, ծրագրեր ու բառարաններ, որոնցից ուսանողները կարող են օգտվել պատրաստվելու ընթացքում :

«Հանձնաժողովների անդամաները կապահովեն պատրաստվելու, պատասխանելու համար հանգիստ մթնոլորտ. քննական գործընթացը պետք է անցի առանց լարվածության»,-վստահեցրեց Ռուբեն Միրզախանյանն ու ուսանողներին հորդորեց հավատալ և ապավինել միայն սեփական ուժերին:

Ռեկտորը նշեց նաև, որ որակավորման քննությունների ողջ ընթացքը բաց կլինի բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան ներկա լինել և հետևել ուսանողների պատասխաններին: Հանդիպման ավարտին Ռուբեն Միրզախանյանը հաջողություն մաղթեց ուսանողներին և վստահեցրեց, որ գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողները մշտապես կլինեն բուհի ուշադրության կենտրոնում և հետագայում հնարավորություն կստանան աշխատել հարազատ բուհում:

Հանդիպման ընթացքում Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Սամվել Ասատրյանը շրջանավարտներին ներկայացրեց քննական նոր՝ էլեկտրոնային ձևը:

Ավարտական կուրսերի հետ հանդիպում նախատեսված է նաև վաղը: