Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հանդիպեց վերապատրաստման մասնակից սփյուռքահայ ուսուցիչների հետ:
Ռեկտորը ողջունեց ուսուցիչներին և վստահեցրեց, որ հանդիպման ընթացքում ներկայացրած առաջարկներն ու դիտողությունները կնպաստեն հաջորդ վերապատրաստումներն էլ ավելի բարձր մակարդակով կազմակերպելուն:
Ռուբեն Միրզախանյանը ներկայացրեց բուհի գործունեությունը, միջազգային զարգացող համագործակցությունն ու դրա կարևորությունը՝ ընդգծելով, որ Մանկավարժական համալսարանն ունի լուրջ դերակատարություն ազգային կրթական համակարգում:
Ուսուցիչները նախ շնորհակալություն հայտնեցին վերապատրաստումները բարձր մակարդակով կազմակերպելու համար, ապա խոսեցին իրենց երկրներում հայկական դպրոցների, հայոց լեզվի և այլ առարկաների դասավանդման, ինչպես նաև կրթական ոլորտի առօրյա խնդիրների մասին:
Սիրիահայ ուսուցչուհի Հայկանուշ Գասպարյանը վստահեցրեց՝ որքան մեծ է ոլորտում ունեցած փորձը, նույնքան շատ է նոր նյութի հանդեպ ծարավը: Ուսուցչուհին անհանգստացած է՝ միացյալ դասագրքերի և դրանցով դասավանդող վերապատրաստված ուսուցիչների կարիք կա. «Պետք է հայրենատիրությունը դառնա բոլորիս ապրելակերպը»:
Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև հոգեբանության և մասնագիտական այլ առարկաների դասաժամեր ավելացնելու, նոր ուսուցիչների որակը բարձրացնելու, նոր վերապատրաստումներ կազմակերպելու վերաբերյալ հարցեր:
Եղավ նաև Ուկրաինայում հայագիտական ամբիոն կամ ուսումնական որևէ միավոր բացելու առաջարկ, ինչը հնարավորություն կտա օտար երկրում ապրողին առավել խորությամբ և գիտական մակարդակում զարգացնել հայերենը:
Ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը խոստացավ գործընկեր բուհի՝ Ուկրաինայի Դրագոմանովի ազգային մանկավարժական համալսարանի հետ ուսումնասիրել, քննարկել դրա անհրաժեշտությունն ու գտնել հնարավոր ուղիներ:
Ուսուցիչների մեծ մասն էլ, որ կրթություն են ստացել հայերենը որպես մայրենի լեզու դասավանդելու ուղղությամբ, հետաքրքրվեցին հայերենը որպես օտար լեզու դասավանդելու խնդրով:
ՀՊՄՀ-ի «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը վստահեցրերց, որ բուհում վերապատրաստումների կազմակերպմամբ կրթական լավ հարթակ է ստեղծվել, ուր ակտիվորեն քննարկվում են սփյուռքահայ ուսուցիչների, կրթական ոլորտի խնդիրները, փորձում գտնել լուծումներ:
Սփյուռքահայ ուսուցիչները շրջեցին բուհում, ծանոթացան պատմության թանգարանին, եղան գրադարանում, լուսանկարվեցին ի հիշատակ մանկավարժական մայր բուհում վերապտրաստման հիանալի հնարավորության: