ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հանդիպեց բուհի Ուսանողական խորհրդի ուսանողների հետ:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Արցախի դեմ թշնամու սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ուսանողների կամավորական ակտիվ աշխատանքի, համար:
«Երբևէ չմտածեք, թե ձեր կատարած աշխատանքը զուր է եղել: Դուք անհրաժեշտ կամքի դրսևորման օրինակներ ցույց տվեցիք, որով կարող եք հպարտանալ հետագա տարիների աշխատանքային գործունեության ընթացքում»,-նշեց ռեկտորն ու հավելեց` պետք է հերոսացնել, վառ պահել զոհվածների հիշատակը. դա ավելի շատ մեզ է պետք:
Ռեկտորը տեղեկացրեց նաև, որ այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնելու համար ստեղծվել է համակարգող խումբ և ուսանողներին հորդորեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել բուհի զոհված ուսանողների և շրջանավարտների մասին տեղեկություններ հավաքելու և գրքույկ ստեղծելու գործին: Նշենք, որ ՀՊՄՀ-ի Ալեք Մանուկյան մասնաշենքի բակում կտեղադրվի բուհի զոհված ուսանողների և շրջանավարտների հիշատակն անմահացնող հուշակոթող:
Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց նաև, որ զոհված աբովյանականների ընտանիքների անդամներին, պատերազմին մասնակից և հաշմանդամություն ձեռք բերած ուսանողներին բուհը մշտապես կաջակցի տարբեր ձեռնարկներով ու նախաձեռնություններով. դա յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է:
«Տա Աստված, որ այսուհետ կամավորական աշխատանքներն ուղղված լինեն ոչ թե ողբերգության հետևանքների վերացմանը, այլև հայրենիքի բարօրությանն ու զարգացմանը»,-ամփոփեց ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Ուսանողները ևս շնորհակալություն հայտնեցին ամենատարբեր նախաձեռնություններում բուհի աջակցության համար և վերահաստատեցին` պատվով և մեծ նվիրումով են կատարել աշխատանքը:
Նշենք, որ կամավորական աշխատանքների համար ուսանողներին տրվեցին հավաստագրեր. դրանք պարունակում են 5 միավոր, որը որակավորման քննությունների ժամանակ կգումարվի ուսանողի ընդհանուր գնահատականին: