ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում ուսանողների հետ
22.03.2022
Հանդիպում ուսանողների հետ

Այսօր Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը հյուրընկալել էր Հատուկ կրթության, Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետների մագիստրոսներ Լուսինե Խաչատրյանին և Վարդուհի Մկրտչյանին:

ՀՊՄՀ ուսանողները մասնակցել էին Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Աստղային արշավ» խորագրով ծրագրին:

Հանդիպման ընթացքում ուսանողներն ընդգծեցին միջազգային ծրագրերում ներգրավվածության կարևորությունը: Նկատում են՝ դրանք հնարավորություն են տալիս ծանոթանալ այլ երկրների կրթական համակարգին, համեմատել ուսումնական գործընթացները, շփվել օտարերկյա ուսանողների հետ:

Ապագա հատուկ մանկավարժ Լուսինե Խաչատրյանը ծրագիրն առանձնահատուկ և ուսուցանող համարեց: Արվեստի ֆակուլտետի հրավերով Բելառուս մեկնած աբովյանականները մասնագիտական շրջանակներից զատ, հնարավորություն ունեցան մասնակցելու մշակութային հանդիպումների, ներկայացնելու ինչպես մեկդարյա կրթօջախի, այնպես էլ մեր երկրի բազմադարյա պատմությունն ու մշակույթը:

Բուհի ղեկավարը հետաքրքրվեց՝ ծրագիրը որքանո՞վ բավարարեց ուսանողների անձնային և մասնագիտական պահանջմունքները: Վերջիններս համակարծիք են՝ բուհում ստացած գիտելքիները թույլ տվեցին ներկայանալ ըստ պատշաճի:
ՀՊՄՀ ուսանողները եղել են Բելառուսի մի քանի դպրոցներում՝ տեղում ծանոթացել երկու երկրներում կրթության կազմակերպման նմանություններին ու տարբերություններին:

Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրոս Վարդուհի Մկրտչյանը հատկապես տպավորված է Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկայի լաբորատորիայի պայմաններով:

Խոսելով առանձնահատկությունների մասին՝ ծրագրի մասնակիցները նշում են՝ օտարերկյա ուսանողները ներկայանում են հնարավորությունների մաքսիմալ չափով: Դրան նպաստում է նաև դասախոսի հետ հետադարձ կապը:

ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ուսանողների դիտարկումներն արժեքավոր համարեց: Վստահեցնում է՝ կրթական գործընթացը կազմակերպվում է ուսանողի համար. դասավանդման մեթոդիայի, մանկավարժական կրթության բարելավման գործում հետադարձումներն ու նման կարծիքներն անգնահատել են:

Ուսանողները շնորհավորեցին նորանշանակ ռեկտորին օրերս այդ պաշտոնում ընտրվելու առթիվ և հույս հայտնեցին, որ պրոֆեսորի ղեկավարմամբ բուհը կգրանցի գիտակրթական մեծ առաջընթաց:

Նրանք Սրբուհի Գևորգյանին փոխանցեցին Բելառուսի Մաքսիմ Տանկի անվան պետական մանկավարժական համալսարանի գործընկներների ուղարկած գրքերը. դրանք իրենց ուրույն տեղը կզբաղեցնեն բուհի Գիտական գրադարանում: