ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպում ուսանողների հետ
15.11.2023
Հանդիպում ուսանողների հետ

Այսօր Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր հանդիպում ուսանողների հետ։ Ուսանողական խորհրդի նախաձեռնությանը ներկա էին նաև Արցախից բռնի տեղահանված և աբովյանականների շարքերը համալրած ուսանողները։

«Ես հաղթանակած սերնդի ներկայացուցիչ եմ, այնինչ վերջին դեպքերը ստիպեցին բոլորիս դժվար ճանապարհ անցնել։ Նման իրողությունները ստիպում են ևս մեկ անգամ ուսումնասիրել պատմությունը, դասեր քաղել դրանից, չհուսահատվել և չտխրել։ Վստահ եմ՝ միասին այնքան ուժեղ կլինենք, որ կկարողանանք հաղթահարել դժվարությունները՝ կերտելով բոլորիս համար բաղձալի ապագա»,- ողջունելով ուսանողներին ՝ իր խոսքում նշեց ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Նա ընդգծում է՝ ընտրել են ամենակարևոր մասնագիտությունը և կստանան բավարար գիտելքիներ, ձեռք կբերեն կարողություններ ու հմտություններ, կդառնան որակյալ մասնագետներ՝ դաստիարակելով ապագայի և հայրենիքի համար արժանի սերունդ։

ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը վստահեցնում է՝ ուսանողական կառույցն արդեն 30 տարի ուսանողի կողքին է․ արտահայտում և պաշտպանում է ուսանողության շահերը, քննարկում ուսանողների խնդիրները, դիմումներն ու առաջարկները՝ ներկայացնելով ՀՊՄՀ ղեկավար կազմին։

Պարույր Գալստյանը նկատում է՝ մեկ հանդիպման ընթացքում դժվար է ծանոթացնել 100-ամյա բուհը, սակայն պատրաստ են ներկայացնել մանկավարժական դարբնոցը, որի կենտրոնում եղել և մնում է ուսանողը։

Ուսանողները ծանոթացան բուհի կառուցվածքին, միջազգային կապերին, պաշտոնական լրատվամիջոցներին։ Ուսանողական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև սոցիալական, ինտելեկտուալ և ուսանողական ծրագրերը։ Վստահեցրեց՝ դրանք ստեղծման օրից լայն հնարավորություն են ընձեռում ուսանողին․ կրթական բաղադրիչից զատ, նաև ժամանցային են։

«Լավագույն ուսանող», Ամառային դպրոց», «Ձմեռային հանգիստ»․ Պարույր Գալստյանը թվարկեց այս և այլ ծրագրերն ու տեղեկացրեց, որ իրենց ձևաչափով բուհերի շրջանում տարբերվող ծրագրերին կարող են մասնակցել բարձր առաջադիմությամբ, ակտիվությամբ աչքի ընկնող բոլոր ուսանողները։

Նա հույս հայտնեց, որ հանդիպումը տեղեկատվական առումով արդյունավետ էր և հորդորեց ուսանողներին հնարավորինս ակտիվ լինել և ներգրավվել տարատեսակ ծրագրերում։