ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպումներ՝ «Համալսարանների միջազգայնացման խթանում» ծրագրի շրջանակներում
15.10.2019
Հանդիպումներ՝ «Համալսարանների միջազգայնացման խթանում» ծրագրի շրջանակներում

«Համալսարանների միջազգայնացման խթանում» ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում են Շվեդական ինստիտուտի և Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները:

Միջազգային համագործակցության և աշխատակազմի գծով պրոռեկտոր Արա Երեմյանը վստահեցրեց, որ նման հանդիպումները, տարբեր ծրագրերի շրջանակներում իրականացվող ձեռնարկները հնարավորություն են ընձեռում սրբագրել և կատարելագործել միջազգայնացման ուղղությամբ բուհի մոտեցումները: Պրոռեկտորը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանք արդեն իսկ իրականացվել է. «Եթե մի քանի տարի առաջ ձգտում էինք ապահովել գործընկեր բուհերի միջև ուսանողների, աշխատակիցների փոխանակում, հիմա լրջագույն ուշադրություն ենք դարձնում կրթական ծրագրերին, դրանց մոտարկմանը. դա վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին և մեզ համար շատ ցանկալի է իմանալ ձեր փորձը»,-հավելեց Արա Երեմյանն ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

Սեմինարի ընթացքում ՀՊՄՀ-ի և հայաստանյան այլ բուհերի, հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին Շվեդական ինստիտուտի ծրագրերի համակարգող Կամիլա Ռիստելը ներկայացրեց իրենց կողմից իրականացվող ծրագրերը: Շվեդիայի թագավորական տեխնիկական համալսարանի Միջազգային դեպարտամենտի ղեկավար Կարին Կնուտսոնը և ծրագրերի համակարգող Վիկտոր Կորդասը ներկայացրին իրենց համալսարանում իրականացվող կրեդիտային շարժունության ծրագրերը, համատեղ մագիստրոսական ծրագրերը, շվեդական կրթական համակարգը: Սեմինարի ընթացքում իրականացվեցին նաև խմբային աշխատանքներ:

Շվեդական ինստիտուտի և Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներին ընդունեց նաև բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը և ընդգծեց, որ հաստատությունները մեծ դերակատարություն ունեն և´ ՀՊՄՀ-ի, և´ այլ երկրների համար, քանի որ խնդիր ունեն զարգացնելու համալսարանական կրթությունը:

Ռուբեն Միրզախանյանը հյուրերին ներկայացրեց բուհի մասնագիտությունները, խոսեց ռոբոտաշինության լաբորատորիայի, փոխանակման մի շարք ծրագրերի, ուսանողների համար կրթաթոշակների կարևորության մասին և օտարերկրյա հյուրերի ուշադրությունը հրավիրեց այն մասնագիտություններին, որոնց ուղղությամբ ՀՊՄՀ-ն մենաշնորհ ունի, մասնավորապես՝ հատուկ մանկավարժության և սկզբնական կրթության ոլորտներում:

«Շվեդիան այդ ոլորտներում ունի հսկայական փորձ, ուստի այդ մասնագետների պատրաստմանն ուղղված նպատակային կրթաթոշակները կբավարարեն մեր երկրի հետաքրքրությունները. դա մաս է կազմում եվրոպական երկրների կրթական համակարգի»,-նշեց ռեկտորն ու վստահեցրեց՝ կանեն հնարավորը, որ համագործակցությունը ծառայի հօգուտ ուսանողների մասնագիտական կրթության որակի բարձրացման:
Հյուրերը ևս շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և նշեցին՝ չնայած մինչ այժմ համագործակցել են տեխնիկական ուղղվածությամբ բուհերի հետ, սակայն որոշել են ընդլայնել իրենց գործունեության առաքելության շրջանակները և մտածում են ընդլայնել կրթական ծրագրերի տիրույթը՝ ներառելով մանկավարժությունը:

Շվեդական ինստիտուտի ծրագրերի համակարգող Կամիլա Ռիստելն էլ հավելեց, որ Պետական գործակալության կողմից միջազգային համագործակցության առաջխաղացման համար կրթաթոշակներ են տալիս ուսանողական փոխանակումների համար: «Մեր առաքելությունները տարբեր են, բայց ուրախ կլինենք միասին զարգացնելու մանկավարժական բաղադրիչը՝ մասնագիտական կրթության ընդհանրական հիմքերը զարգացնելու համար: Ուրախ կլինենք, որ համատեղ ջանքերով կարողանանք նպաստել բոլոր այս նպատակների իրականացմանը»:

Հյուրերը ևս մեկ անգամ ընդգծեցին, որ կարևոր է զարգացնել միջազգայնացումը կոնկրետ համալսարանների հետ՝ առավել բեղուն դարձնելով փոխներազդեցության մեխանիզմները, և վստահեցրին, որ նպատակ ունեն ձևավորել հնարավոր համագործակցություն. «Մեր մասնագիտական հետաքրքրությունների տիրույթը լայն է, իսկ մենք և այստեղ ներկայացված գործակալությունը հետաքրքրված ենք մանկավարժությամբ»,-հավելեցին Շվեդական ինստիտուտի և Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները:
Նշենք, որ 2019 թվականից Շվեդական ինստիտուտի ֆինանսավորմամբ Շվեդական թագավորական համալսարանը իրականցնում է Ինտերթուլ ծրագիրը «Համալսարանների միջազգայնացման խթանում», որի համագործակից երկրներն են Հայաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը: Հայկական պետական մանկավարժական համալսարանը Վանաձորի պետական համալսարանի հետ համատեղ հանդիսանում է ծրագրի հայաստանյան գործընկերը: