ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանդիպումներ՝ ՀՊՄՀ այցի շրջանակներում
09.11.2023
Հանդիպումներ՝ ՀՊՄՀ այցի շրջանակներում

Շարունակվում են ռուս գործընկերների հանդիպումներն ու ծանոթությունը Մանկավարժական համալսարանի տարբեր կառույցների հետ։

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պատվիրակներն այսօր հյուրընկալվեցին ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտում։ Կառույցի գիտական ծրագրի ղեկավար Վահան Սարգսյանը ներկայացրեց իր տեսակով, ուղղվածությամբ աշխարհում առայժմ միակ ինստիտուտի գործունեությունն ու առաքելությունը։

Վահան Սարգսյանը տեղեկացրեց, որ ինստիտուտի նպատակն է հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման ուսումնասիրությունների միջոցով վերհանել «Շախմատ» առարկայի կրթական արժեքը, շախմատի միջոցով երեխայի կոգնիտիվ կարողությունների զարգացման հնարավորությունները։

Նա հավելեց՝ ինստիտուտի փորձառու և բանիմաց մասնագետների համատեղ ուժերով իրականացվում են շախմատի դասավանդման հոգեբանական, կրթական և սոցիոլոգիական հիմնախնդիրների տարատեսակ հետազոտություններ:

Ի դեպ, ՀՊՄՀ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի աշխատակիցները տեղում փորձարկեցին «Էգոսկոպ» օբյեկտիվ վերլուծության և թեստավորման համալիրը։ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողները մասնակցեցին ուշադրության կենտրոնացվածության և խոչընդոտների հանդեպ կայունության ախտորոշման մեթոդի փորձարկմանը, ծանոթացան Ֆեյս ռիդեր՝ դեմքի հույզերը սքանավորող գործիքի հնարավորություններին։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, կողմերը խոսեցին համագործակցության հնարավորությունների մասին։

Ռուս պատվիրակներն այսօր հյուրընկալվեցին և տպավորված հեռացան նաև բուհի Առաջին համալսարանական ռադիոյից։ Նրանք ծանոթացան իր տեսակով եզակի համալսարանական կառույցի գործունեությանը, հնարավորություններին, նախագծերին և հաղորդումներին։

Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի ուսանողները բացառիկ հնարավորություն ունեցան ձայնագրվել ուսանողների համար նախատեսված ռադիոյում, իսկ վաղը հաղորդումը կլինի radiofama.am–ի եթերում։