ՀՊՄՀ-ի Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի նախաձեռնությամբ մեկնարկեց հանրապետական երկօրյա գիտաժողով՝ նվիրված բուհի հիմնադրման 100-ամյակին։
Գիտաժողովն անցկացվում է խառը ձևաչափով․ մասնակցում են ինչպես Հայաստանի և Արցախի գիտակրթական հաստատություների ներկայացուցիչներ՝ ՀՊՄՀ-ից, ԵՊՀ-ից, ԵՊԲՀ-ից, ՃՇՀԱՀ-ից, Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական, Շիրակի, Արցախի պետական համալսարաններից, Հր․Աճառյանի անվան լեզվի ինստիտուտից, Մ․Մաշտոցի անվան մատենադարանից, այնպես էլ մասնակիցներ ԱՄՆ-ից՝ առցանց։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատում է՝ մեկդարյա բուհը լեզվաբանության ոլորտում ունեցել է բազում նվաճումներ․ դրանք պատիվ կբերեին միջազգային կարգավիճակ ունեցող ցանկացած համալսարանի։ Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիան՝ ի դեմս պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի, անկախ ժամանակի մարտահրավերներից, շարունակում է լեզվաբանության ոլորտում իրականացնել բուհի կարևորագույն առաքելություններից մեկը։
Պրոֆեսոր Գևորգյանը հայ ժողովրդի ինքնության պահպանման գործում կարևորեց երեք հիմնական բաղադրիչ՝ լեզու, մշակույթ, պատմություն։ Նա հույս հայտնեց, որ գիտաժողովում բարձրացված հարցերը մտորումների և փնտրտուքների նոր ուղի կհարթեն լեզվաբանության, բանասիրության, լեզվի պահպանման և դասավանդման մեթոդիկայի ոլորտում՝ նպաստելով լեզվի զարգացմանն ու միջազգային ասպարեզում գիտական հանրությանը մի շարք հիմնախնդիրներ ներկայացնելուն։
Այդ առումով, ռեկտորը կարևորեց գիտատեսական, գիտապրակտիկ ոլորտում արձանագրված խնդիրների լուծումները, կրթական ծրագրերի և գործընթացների առաջընթացը, որոնք ուսուցչի մեթոդաբանական զինանոցը կլրացնեն գիտելիքներով, կարողություններով, փորձառությամբ։
«Գիտաժողովին մասնակցելը մեծ համարձակություն է, իսկ համարձակը նա է, ով տիրապետում է գիտության հիմունքներին, ունի պաշար և ֆունդամենտ հանդես գալու և կատարած աշխատանքը ներկայացնելու լայն մասսաներին՝ վերարժևորվելով կամ ինքնարժևորվելով որպես գիտնական»,- նկատում է Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանն ու հավելում՝ գիտության աշխարհի մշակների, մանկավարժության, բանասիրության և այլ ոլորտների մասնագետների համար մեծ պատիվ պետք է լինի նման գիտաժողովներին մասնակցելը՝ այդ թվում՝ գիտական բարեխղճության տեսանկյունից։
ՀՀ լեզվի պետական կոմիտեի նախագահ, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը Մանկավարժական մայր բուհում է ձևավորվել որպես մասնագետ․ խոստովանում է՝ լեզվաբանների երախտավոր աստղաբույլի շնորհիվ է դարձել այն, ինչ կա այսօր։
Լեզվաբանի դիտարկմամբ՝ գիտական աշխատանքներ կատարելու ջահը փոխանցվել է լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիային, որն ինքն աշխատանոց է համարում։ Լեզվաբանական ոլորտում արդեն ավանդաբար կազմակերպվող գիտաժողովները կարևոր են համաշխարհայնացման գործընթացներին չհանձնվելու, լեզուն անաղարտ պահպանելու, ազգային ինքության, գիտակցության պահպանման տեսանկյունից։
Լիագումար նիստում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը ներկայացրեց արևելահայերեն և արևմտահայերեն տարբերակայնությունները, հնչյունափոխված և չհնչյունափոխված, փոխատու տարբեր աղբյուրներից վերցված հիմքերով կազմված լեզվանունները:
Բանախոսն անդրադարձավ նաև հայերեն երկու գրական լեզուների տարբերակայնության պատճառներին՝ միաժամանակ փաստելով, որ լեզվաբանության բառարանների թերություններից մեկն էլ այն է, որ արևելահայերենում ընդունված լեզվանունների կողքին պետք է տալ ոչ միայն դրանց օտարալեզու համարժեքները, այլև արևմտահայերեն գործածված տարբերակները։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը ներկայացրեց «Գեղարվեստական թարգմանություն.ժամանակը և սկզբունքները» թեմայով զեկույցը։
Վերջինս նկատում է՝ չկա թարգմանություն, կա ստեղծագործության փոխակերպում, իսկ որոշ գործեր թարգամանելիս՝ կամ պետք է փոփոխել՝ հարմարեցնելով տվյալ ժամանակաշրջանին, կամ՝ չթարգմանել։ Այս և այլ հիմնախնդիրների մասին խոսքը բանախոսն ամփոփեց այն եզրահանգմամբ, որ ցանկացած պարագայում թարգմանել պետք է բարձր մակարդակով:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։ Վերջինս ներկայացրեց «Սաթ» բառարմատը՝ պատմամշակութային, լեզվաբանական և առասպելաբանական դիտանկյուններից։
Հանրապետական գիտաժողովում մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան հին հայերեն բայական համակարգում թվակազմական մասնիկների կիրառական արժեքին (Լ.Խաչատրյան), բուսանուն և կենդանանուն բաղադրիչներով դարձվածքները հայերենում (Ա.Ավագյան), հայերենում գիտատեխնիկական փոխառյալ տերմինների գործածությանը (Հ.Պետրոսյան), «Լեզվաբանական տերմինների ուսումնական բառարանի» կիրառական արժեքին (Հ.Սուքիասյան), հայերենի խնդրառությանը (Ն.Հեքեքյան), միջնադարյան կատակերգությունների անվանումների լեզվական քննություն (Գ.Մխիթարյան), 13-րդ դարի բժշկարաններում նորակազմ բժշկական բառանուններին (Հ.Թադևոսյան), ժամանականիշ բառերով դարձվածային միավորների տարբերակներին (Մ.Միրումյան), բառերի ստուգաբանությանը (Հովհ. Զաքարյան), ածանցավոր կազմություններում հագուստ նշանակող բառերին (Լ.Ղամոյան), իտալերեն քերականական թարգմանություններում նորահայտ եզրերին (Տ.Մանուկյան), լեզվի գործառույթների բնազդային հենքին (Ա.Այվազյան) և այլն։
Հանրապետական գիտաժողովի աշխատանքները հաջորդ օրը շարունակվեցին առցանց, և լսվեցին հետևյալ թեմաները` աշխարհաբարի վաղ տարրերը և դրանք զանազանող հատկանիշների ընտրությունը (Ն.Պողոսյան), անկանոն բայերը Սյունիքի տարածաշրջանի բարբառներում (Սվ.Մանուչարյան), «հայ» և «թուրք» հասկացույթները հայկական և թուրքական բանահյուսական աղբյուրներում (Լ.Մարգարյան), միևնույն տեղանվան տարբերակները «Արցախյան բնակավայրերը» գրքում (Ս.Մինասյան), բարբառագիտական մի քանի եզրույթների և ըմբռնումների շուրջ (Մ.Քումունց)։
Աշխատանքային օրվա ավարտին ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները։