ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի և Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում անցկացվեց հանրապետական գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող Պերճ Պռոշյանին։
Մասնակիցներին ողջունեց և Պերճ Պռոշյան դասական մեծ գրողի գրական ժառանգությունն արժևորեց ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը։
ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Կամո Վարդանյանն էլ կարևորեց հայ գրականության դասականի տուն-թանգարանում նրա գրական ժառանգությանը նվիրված գիտաժողովն ու ընդգծեց՝ այսօր շփվելու են մեծի հետ, որն անցյալում չէ և մահկանացու չէ․ նա այսօր էլ մեծ արժեք է․«Հետահայաց վերլուծության մեթոդաբանությամբ մենք գիտության նվաճումներին կարողանում ենք ստեղծագործողների կերպարների արդիական մեկնություն տալ, հասկանալ, թե ինչ է թաքնված այդ ստեղծագործության մեջ։ Արժեքավոր է այն ստեղծագործությունը, որը ժամանակ չի ճանաչում»,- ասաց նա։
Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը ներկայացրեց «Արսեն Տերտերյանը Պերճ Պռոշյանի ստեղծագործության մեկնիչ» թեմայով զեկուցումը։
Պրոֆեսոր Դոլուխանյանը նկատեց՝ խորամուխ լինելով Պռոշյանի ստեղծագործության մեջ՝ Տերտերյանն ընդգծում է, որ ըստ Պռոշյանի՝ իսկական հայի իդեալը ոչ թե փողն է, այլ հողը։ Տերտերյանի հավաստմամբ՝ «հալալ աշխատանքը և անսահման աշխատասիրությունը մարդկային կյանքի հիմքն են, և հենց այդ ճշմարտությունը Պռոշյանի երկերի հիմնական գաղափարախոսությունն է․«Պռոշյանը քննադատել է կղերականությանը, դեմ եղել կոսմոպոլիտիզմին, ըստ Տերտերյանի՝ նաև գրել է քննադատական ռեալիզմի մեթոդով, բայց կին կերպարների պատկերման մեջ տուրք է տվել ռոմանտիզմին։ Տերտերյանն իր «Պերճ Պռոշյան» մենագրության մեջ գրողին համարում է «հայ գրականության հավերժական անուններից մեկը, ում տաղանդի հիմնական գիծը ցայտուն անկեղծությունն է, իսկ գրականությունը նրա համար եղել է առաքելություն»,-ամփոփեց Աելիտա Դոլուխանյանը։
Ելույթները հագեցած էին Պերճ Պռոշյանի կյանքն ու գրական ժառանգությունը բնութագրող հետաքրքիր հոդվածներով, պռոշյանական արձակի նոր մեկնություններով։
Աշոտ Գալստյանն անդրադարձավ «Հացի խնդիր» վեպի լեզվական շերտերին։ Պրոֆեսորն ընդգծեց՝ լինելով Խաչատուր Աբովյանի գործի հետևորդը՝ Պռոշյանը «Հացի խնդիր» վեպում օգտագործեց աշխարհաբարի բառաձևերի ոճական բազմերանգությունը՝ ցույց տալով աշխարհաբարի կենսունակ տարրերի կիրառումը գեղարվեստական խոսքում։ Զեկուցողն անդրադարձավ վեպում լայնորեն կիրառված գրաբարյան ու բարբառային տարրերին, անձնաունների ու տեղանունների հարուստ դրսրորումներին, ժողովրդական բառ ու բանին, թևավոր խոսքերին, դարձվածքներին ու համեմատություններին՝ փաստելով՝ «Հացի խնդիր» վեպը արժեքավոր ստեղծագործություն է՝ գրական արևելահայերենի գեղարվեստականացման առումով։
Դոցենտ Լիլիթ Հովսեփյանի զեկուցումը նվիրված էր Միքայել Նալբանդյանի «Կրիտիկա Սոս և Վարդիթերի» քննադատական երկի արդիականությանը, իսկ դոցենտ Ռուզան Դոլուխանյանն անդրադարձավ «Սոս և Վարդիթեր» վեպում բանահյուսական ժանրերի տեսակներին ու դրանց ուսուցողական արժեքին։
Պերճ Պռոշյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Տոնոյանը գիտաժողովից հետո ճանաչողական էքսկուրսիա անցկացրեց թանգարանում․ մասնակիցները տեսան Պռոշյանների ընտանիքին պատկանող հետաքրքրիր իրեր, տեղեկություններ իմացան գրողի ապրած կյանքի, մեծերի հետ կապերի և գրական ժառանգության մասին։
Գիտաժողովն ամփոփվեց «Պերճ Պռոշյան» հոդվածների ժողովածուի շնորհանդեսով, որը նվիրված էր հայ իրականության մեջ առաջին օրիորդաց դպրոցներ բացած դասական գրող Պերճ Պռոշյանի հիշատակին։