ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հանրապետական ուսանողական գիտաժողով
29.04.2019
Հանրապետական ուսանողական գիտաժողով

Սկզբնական կրթության այլընտրանքային մոտեցումներ և հետազոտություններ, ոլորտում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հիմնախնդիրներ, հայեցակարգային նորարարական մոտեցումներ և այլն. այս և այլ հարցերի վերաբերյալ Սկզբնական կրթության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանրապետական ուսանողական գիտաժողով:

«Սկզբնական կրթության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողովում իրենց զեկույցներում ուսանողներն անդրադարձան տարրական դասարաններում GeoGebra ծրագրի կիրառման, ԿԱՊԿՈւ երեխաների զարգացման և դրանց հաշվառման առանձնահատկություններին, ինչպես նաև համամետականներ անցկացրին Օուլուի և Երևանի նախադպրոցական հաստատություններում սոցիալական հմտությունների միջև:

Գիտաժողովը շարունակվեց 2 մասնախմբի աշխատանքով. քննարկվեցին արտահայտիչ ընթերցելու կարողությունների ձևավորմանը, մայրենիի դասերին առարկայական զուգադրումների իրականացմանը, ԿԱՊԿՈՒ երեխաների կարդալու կարողության դժվարությունների և հաղթահարման ուղիներին վերաբերող մի շարք հարցեր: Խոսելով սկզբնական կրթության ոլորտում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հիմնախնդիրների մասին՝ ուսանողները ներկայացրին տարրական դպրոցում ՏՀՏ-ների կիրառման վերաբերյալ հետազոտության արդյունքները:

ՀՊՄՀ-ի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը կարևորեց գիտաժողովի անցկացումը և մասնակիցներին մաղթեց արդյունավետ քննարկումներ, հետաքրքիր երկխոսություն և բանավեճեր: Պրոռեկտորը հույս հայտնեց, որ գիտաժողովն առիթ կհանդիսանա ուրվագծել մասնագիտական հստակ մոտեցումներ՝ հետագայում վերածելով գիտական աշխատանքների:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ, դոցենտ Լուսինե Պողոսյանն էլ հավելեց, որ տարեցտարի մասնակից ուսանողների թվին զուգահեռ մեծանում է նաև գիտաժողովի հանդեպ հետաքրքրությունը:

«Շատ կարևոր է հատկապես այն հանգամանքը, որ բարձրացված հիմնախնդիրների շուրջ ուսանողները երկար ժամանակ են աշխատել. քննարկվող հարցերի մեծ մասի շուրջ ուսանողներն աշխատել են պրակտիկայի շրջանակներում»,-հավելեց Լուսինե Պողոսյանը: