ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հասարակության մեջ չկա մենք և դուք, մենք միասին ենք
06.11.2018
Հասարակության մեջ չկա մենք և դուք, մենք միասին ենք

«Դու դեռ կարող ես, բացիր քո սիրտը և թույլ տուր օգնել քեզ. մենք քո կողքին ենք». աուտիզմ ունեցող երեխաների խնդիրները հաղթահարելու այս և այլ կարգախոսներով Մանկավարժական համալսարանում կայացավ սոցիալական երաժշտական երեք նոր տեսահոլովակների պրեմիերան:

Միջոցառման նախաձեռնողները բուհի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետն ու ArmDreams Production-նն են, տեսահոլովակների և երգերի հեղինակը՝ Արմեն Վիրաբյանը:

Ձեռնարկի կազմակերպիչներն այն նախաձեռնել էին վստահությամբ, որ բոլոր երեխաներն ունեն մեր սիրո կարիքը, քանի որ հասարակության մեջ չկա մենք և դուք, մենք միասին ենք:

Հատուկ մանկավարժները վստահեցնում են՝ աուտիզմ ունեցող երեխաների խնդիրները հաղթահարելի են ճիշտ միջավայրի և ծնողների շնորհիվ, իսկ խնդրի լուծման այս մոտեցումը՝ տեսահոլովակների նկարահանումն ու ցուցադրումը նոր է, որի հիմքում մարդասիրությունն ու հուզականությունն են:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Սիրանուշ Կարապետյանի կարծիքով՝ միջոցառումը աստվածահաճո և մարդասիրական է, իսկ խորագիրը՝ առավել քան խոսուն ՝ «Դու չտխրես»:

«Տարբեր ժամանակներում եղել են խնդիրների լուծման տարբեր եղանակներ, բայց անձանց սոցիալական հարմարեցման այս ձևաչափը նոր է՝ հիմքում ունենալով հուզական ներաշխարհը, որը երկար ժամանակ մնում է մարդու հիշողության մեջ»,-նշեց Սիրանուշ Կարապետյանն ու ներկաներին հորդորեց ձեռք մեկնել միմյանց, քանի որ նման խնդիրներ ունեցող մարդիկ ունեն մեր սիրո, ընկալման և բաց ձեռքերի կարիքը:

Խոսելով գաղափարի և դրա իրականացման կարևորության մասին՝ ArmDreams Production-ի ղեկավար, տեսահոլովակների և երգերի հեղինակ Արմեն Վիրաբյանը խոստովանեց՝ հաճախ է նկատել, որ հասրակությունը բավարար տեղեկացված չէ, թե ինչպես վարվել նման նման խնդիրներով երեխաների հետ, նույնիսկ ծնողները:

ՀՊՄՀ-ի Կրթության էլեկտրոնային կառավարման բաժնի ղեկավար, ArmDreams Production-ի պրոդյուսեր Անուշ Սարգսյանն ուրախ է, որ կարողացել է լինել բուհի և կազմակերպության կապող օղակը՝ հասարակությանը իրազեկելու կարևոր ձեռնարկի կազմակերպման համար: Նրա կարծիքով՝ բարությունը շղթայական ռեակցիա է, և հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է վստահ լինի, որ հենց իրենից է պետք սկսել:

Տեսահոլովակների պրեմիերային ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, երգիչներ, սոցիալիզացման խնդիրներ ունեցողներ՝ մարդիկ, որոնք իրենց առօրյայով ապացուցում են՝ երջանիկ է այն հասրակությունը, որն ապրում է սիրո և բարության մթնոլորտում:

Հանդիպումը շարունակվեց մասնագիտական քննարկումներով. ներկաները ևս մեկ անգամ փաստեցին, որ հասարակության իրազեկելն այս գործի ամենակարևոր ուղղությունն է և առաջնահերթությունը, քանի որ աուտիզմ ունեցող երեխաների խնդիրները հաղթահարելի են ճիշտ միջավայրի և ծնողների շնորհիվ: