Ցյուրիխի մանկավարժական համալսարանի հետ իրականացվող «Better Teaching for Better Learning» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հաշվետու առցանց հանդիպում։
Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի, Մոլդովայի, Շվեցարիայի և Հայաստանի գործընկեր համալսարաներից:
Հայաստանյան բուհերից ծրագրին մասնակցում և այն համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը:
Կողմերը քննարկեցին ծրագրի շրջանակներում մշակվող ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման մեթոդական ձեռնարկների շուրջ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ եղավ նաև աշխատանքային խմբերի կողմից ստեղծվող «Որակյալ դպրոց՝ որակյալ կրթություն» մեթոդական ձեռնարկի մշակմանը, արդեն իսկ մշակված «Որակյալ դպրոց՝ որակյալ կրթություն», «Գործնական ուսուցման փորձագետներ՝ դասագիրք ուսուցիչ մենթորների համար» դասագրքերի՝ փորձագետների կողմից վերանայման գործընթացին:
Ծրագրի շրջանակներում ստեղծվող մեթոդական ձեռնարկների ամփոփումից հետո նախատեսվում է դրանց քննարկման նպատակով կլոր-սեղան քննարկումներ անցկացնել համագործակից համալսարանների դասախոսական կազմի հետ։ Դրանց կիրառումը հստակեցնելու նպատակով՝ ձեռնարկները կներկայացվեն նաև դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին։
Քառամյա ծրագրի առաջին երկու տարին նախատեսված է մեթոդական ձեռնարկների ադապտացման, լրամշակման և ստեղծման համար, ապա կլինեն լայնածավալ վերապատրաստումներ։
Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին և ամբողջությամբ ֆինանսավորվում է Ցյուրիխի մանկավարժական համալսարանի կողմից: Ծրագրի մեկնարկից առաջ հուշագիր է կնքնվել Հայկական պետական և Ցյուրիխի մանկավարժական համալսարանների միջև։