ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հաշվետու համերգ` «Քաջ Նազար» խորեոգրաֆիկ ներկայացմամբ
03.06.2017
Հաշվետու համերգ` «Քաջ Նազար» խորեոգրաֆիկ ներկայացմամբ

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Մանկավարժական համալսարանի պարարավեստի մանկավարժություն բաժնի շրջանավարտների հաշվետու համերգը:

2016-2017թթ.ավարտական կուրսի ուսանողների՝ պարուսույց-մանկավարժների և բաեմադրիչների նոր սերնդի մուտքը պրոֆեսիոնալ պարարվեստի աշխարհ այս տարի նշանավորվեց Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» համանուն հեքիաթի խորեոգրաֆիկ ներկայացմամբ, որին մասնակցում էին նաև Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային համույթի և պարարվեստի բաժնի այլ կուրսերի ուսանողներ:

Համերգին ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, պարարվեստի ոլորտի ականավոր գործիչներ, արվեստասեր հյուրեր, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ալարկոտ Նազարից մինչև հաղթական պար և բախտ ունե՞ս, քեֆ արա. ինքնատիպ, հանրաճանաչ և հավերժ արդիական ստեծագործությունը մեծածավալ բեմադրության 15 դրվագներում ուսանողների կատարողական բարձր վարպետությամբ թումանյանական իմաստուն խոսքը փոխարինեցին հայոց պարի գունագեղ լեզվով, գեղարվեստականացված պարապատկերներով և ազգային կենսախինդ մեղեդիներով:

Ուղիղ տասը տարի առաջ ավարտական կուրսերից մեկի մասնակցությամբ Հովհ. Թումանյանի «Գիքորը» բեմադրած բալետմայստեր, ՀՊՄՀ-ի Պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանը aspu.am-ի հետ զրույցում անկեղծացավ` վաղուց է երազել բեմադրել նաև «Քաջ Նազար»-ը.Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին ընդառաջ` վաղեմի երազանքն իրականություն է.«Արդեն ավանդույթ դարձած յուրահատուկ համերգ-քննությունը նոր պարապատկերներով և տարազների շենշող բազմազանությամբ տարբերվում է նախորդից: Վստահ եմ` հանդիսատեսը բարձր կգնահատի այն, իսկ ուսանողները` որպես պարարվեստի իսկական նվիրյալներ և ժառանգորդներ, ուսումնառության չորս տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու կատարողական հմտությունները կփոխանցեն մատաղ սերնդին»:

Փորձավար դասախոս, ավարտական կուրսի ղեկավար Ստեփան Ղամբարյանը ներկայացման ավարտից հետո նկատեց` մեծ պատասխանատվություն է առաջին անգամ ստանձնել կուրսի ղեկավարի պաշտոնը. ամեն ինչ արել է` լուծելու իր առջև դրված առաջադանքն ու ուսանողներին հասցնել ուսումնառության ավարտին:

Պարուսույցը սաներին հորդորեց լինել գիտակ, պրոֆեսիոնալ, նախևառաջ հավատալ սեփական ուժերին, ամենայն ազնվությամբ կատարել ստանձնած գործն ու վստահ լինել` էությունից բխող ցանկացած ստեղծագործություն անպայման կստացվի:

Պարարվեստի մանկավարժության ամփոփիչ ատեստավորման քննությունը գնահատում էր հանձնաժողովը` «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Թադևոսյանի նախագահությամբ:

Վերջինս բարձր գնահատեց Պարարվեստի մանկավարժության ամբիոնի գործունեությունը` նկատելով, որ նախկին ԽՍՀՄ երկրներից և ոչ մեկում դասավանդման նման որակ չկա. ապացույցը` բեմում տեսածն ու օրեր առաջ ուսանողների հանձնած բանավոր քննության հանրագումարն է:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ պարարվեստի ոլորտում ներդրած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարեն Գևորգյանին պարգևատրեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: