ՀՊՄՀ Սպորտի և շախմատի ամբիոնի վարիչ, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը պարգևատրվել է հատուկ մեդալով՝ կարիերայի ընթացքում շախմատի զարգացման մեջ նշանակալի ներդրման համար:
Պարգևը հանձնել է ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի 100-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ։
ՖԻԴԵ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է․ «Սմբատ Լպուտյանը երկար տարիներ ղեկավարել է ՖԻԴԵ-ի կրթական հանձնաժողովը՝ խթանելով շախմատը կրթության մեջ ծրագրի տարածմանը ամբողջ աշխարհում։ Նրա ղեկավարությամբ շախմատը ներդրվեց հայկական դպրոցներում որպես հիմնական առարկա, և ներկայումս ավելի քան 25 միլիոն երեխա մասնակից է այս ծրագրին»:
Հայտարարությունը յուրատեսակ գնահատական է Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի՝ շախմատի զարգացմանն ուղղված գործունեությանն ու նվիրական աշխատանքին։
Նշենք, որ Սմբատ Լպուտյանը 2012 թվականից ղեկավարում է Մանկավարժական համալսարանի Շախմատի և սպորտի ամբիոնը, ում անմիջական ղեկավարմամբ բուհում հիմնադրվեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, իսկ «Շախմատ» առարկան դասավանդվեց մեր երկրի հանրակրթական բոլոր դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա։
Նրա անմիջական մասնակցությամբ և նախաձեռնությամբ բուհում բազմիցս կազմակերպվել են միջազգային գիտաժողովներ՝ զարգացնելու շախմատը կրթության մեջ, հետազոտելու և իմաստավորելու իմաստուն խաղի կարևորությունը։