ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից
04.04.2024
Հավաստագրեր՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ից

Հաջողությամբ ավարտվեց Մանկավարժական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ անցկացվող մանկավարժական և առաջնորդական հմտությունների զարգացմանն ուղղված 2 կրեդիտ բեռնվածությամբ վերապատրաստման դասընթացը։

Փետրվարի 21-27-ն անցկացվող դասընթացին այս անգամ մասնակցել է Սկզբնական կրթության ֆակուլտետի տարրական մանակավարժություն բաժնի 4-րդ կուրսի 56 ուսանող։

Մասնակիցներին հավաստագրեր հանձնեց Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը։

Պրոռեկտորը կարևորեց «Դասավանդիր Հայաստան»-ի հետ այս համագործակցությունն ու ակտիվ գործընկերությունը․ բուհը տալիս է դասական մանկավարժական կրթություն, իսկ կազմակերպությունը նորագույն մոտեցումներով և նոր տեխնոլոգիաներով համալրում այն։

Մարիաննա Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նախագծի անցկացման, մասակցության համար և հույս հայտնեց, որ ուսանողներն ապագայում կլինեն առաջնորդներ իրենց մասնագիտության մեջ և կստանձնեն սերունդների կրթության պատասխանատվությունը։

«Լիահույս եմ՝ ձեզանից յուրաքանչյուրը բուհն ավարտելուց հետո կդասավանդի դպրոցում և արժանավայել կրթություն կփոխանցի ազգի ապագային,- նշեց պրոռեկտորն ու վստահեցրեց՝ սա համատեղ անելիքների սկիզբն է միայն․ պետք է հզորացնել կրթողների բանակը՝ հզորացնելով ապագա դպրոցը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հավաքագրման բաժնի ղեկավար Տաթև Կարապետյանը հավաստագրերի հանձնման արարողությանը ներկայացրեց կառույցի հիմնադրման պատմությունն ու նկատեց՝ իրենց կազմակերպությունում կարծում են, որ մեր երկրի զարգացման ճանապարհը կրթությունն է․ խիզախել են իրենց վրա վերցնել փոփոխություններ բերողի պատասխանատվությունը։

Տաթև Կարապետյանը հետաքրքրվեց՝ ներկաներից քանիսն են դասավանդելու դպրոցում․ շատերի դրական արձագանքը դրվատանքի արժանացավ․ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ներկայացուցիչները կարծում են, որ դա բուհի՝ իրենց առանցքային և գաղափարակից գործընկերոջ աշխատանքի ադյունքն է։

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը դասընթացը կարևորեց սոցիալական կարողություններին ուղղված Soft և առաջնորդության հմտություններ փոխանցելու տեսանկյունից, ինչն, ըստ նրա, անհրաժեշտ է ապագա ուսուցիչներին։

Դեկանը հավելեց՝ տեսական դասընթացին հաջորդած համայնքային այցերը, գործնականում տեսական գիտելիքների կիրառումը, շփումն ուսուցիչների հետ ուսանողներին առավել հաստատակամ դարձրին մասնագիտական ընտրության մեջ։

 «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի կարիերիայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանը, ամփոփելով դասընթացը, այն առանձնահատուկ համարեց ինչպես ուսանողների մասնակցության, ակտիվության, այնպես էլ գիտելիքները կիսելու, ստացածն ընկալելու և հետադարձ կապի ապահովման տեսանկյունից։

Նա հույս հայտնեց, որ մասնակիցներից շատերը կշարունակեն մասնագիտական գործունեություն ծավալել մանկավարժության ոլորտում, իսկ բուհից և դասընթացից ձեռք բերած գիտելիքները կկիրառեն հետագա աշխատանքում։