ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ դպրոց-թանգարան դասընթացի մասնակից ուսուցիչներին
18.09.2019
Հավաստագրեր՝ դպրոց-թանգարան դասընթացի մասնակից ուսուցիչներին

Կրթական հաստատություն-թանգարան համագործակցության համատեքստում Մանկավարժական համալսարանի թանգարանում ուսումնական տարեվերջին անցկացված թրեյնինգի մասնակից ուսուցիչները սեպտեմբերի 18-ին այցելել էին համալսարան՝ մասնակցության հավաստագրեր ստանալու: Նրանց ողջունեցին ՀՊՄՀ պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը և ՀՊՄՀ թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը:

Թանգարանի տնօրենն իր խոսքում կարևորեց դպրոց-համալսարան-թանգարան կապը՝ ակնկալելով շարունակական համագործակցություն ուսուցիչների հետ:

Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց մասնակիցներին դասընթացի հաջող ավարտի առթիվ՝ նոր հնարավորությունների զարգացման գործում կարևորելով թանգարան-գիտելիք-գործիքակազմ կապը:

Խոսելով գլոբալիզացիոն և լոկալիզացիոն քաղաքականությունների մասին՝ պրոռեկտորը շեշտը դրեց կրթամշակութային համագործակցության տարածքում ազգային մշակութային երկխոսություն իրականացնելու վրա:

«Թրեյնինգի արդյունքում մենք համատեղ ծրագրեր ենք ստեղծում և իրականացնում,-ասաց թանգարանի տնօրեն Ա. Գրիգորյանը,- որոնց միջոցով մենք պարտավոր ենք երեխաներին հասցնել մեր կրթամշակութային արժեքները, որ ունեն թանգարանները: Թանգարանների հսկայական ուժը դուք պետք է օգտագործեք երեխաներին դաստիարակելու համար»:

Դասընթացի 14 մասնակիցների պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը հանձնեց հավաստագրեր և Ալվարդ Գրիգորյանի հեղինակած «Թանգարանային մանկավարժություն» գրքի մեկական օրինակ: Պրոռեկտորը վստահեցրեց՝ յուրաքանչյուր սեմինար կարևորվում է ոչ միայն նոր գիտելիքների ձեռքբերման հնարավորությամբ, այլև տարբեր գործընթացներով պայմանավորված լինելու հանգամանքով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմամշակութային ժառանգության պահպանության վարչության թանգարանների բաժնի ավագ մասնագետ, մեր համալսարանի շրջանավարտ Ժաննա Մանուկյանն ասաց, որ նախարարությունը խրախուսում է կրթական հաստատությունների համագործակցությունը մշակութային կազմակերպությունների հետ՝ հատուկ ընդգծելով, որ դասընթացի մասնակից ուսուցիչները ներկայացրել են թանգարաններում իրականացնելու հետաքրքիր ծրագրեր:

Կողմերը վստահ են՝ համագործակցությունը կլինի շարունակական և միտված երեխաներին մշակութային արժեքներով դաստիարակելու կարևոր առաքելությանը: