Այսօր հավաստագրեր հանձնվեցին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից կազմակերպված «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ձեռնարկի մասնակիցներին:
Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ներկայացուցիչներ, ռուսաց լեզվի և կրթության բաժնի ղեկավար Օլգա Լիկովան, Երևանում «Համընդհանուր թելադրություն» միջազգային կրթական ձեռնարկի համակարգող Սոնա Սարաջյանը և թելադրության տեքստն ընթերցած ռուս գրող, լրագրող Ելենա Պետրոսյան-Շուվաևվան շնորհակալություն հայտնեցին ձեռնարկի հաջող կազմակերպման համար և հանձնեցին շնորհակալագրեր, իսկ մասնակիցներին՝ հավաստագրեր: Վերջիններս վստահեցրին, որ միջազգային կրթական ձեռնարկին՝ «Համընդհանուր թելադրության»-ը մասնակցելը սեփական հնարավորությունները դրսևորելու լավագույն հարթակ էր:
Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը ևս շնորհակալություն հայտնեց ձեռնարկի մասնակիցներին և ընդգծեց, որ առաջին մասնակցությունը թույլ տվեց նախանշել բացթողումները և աշխատել՝ հետագայում առավել բարձր արդյունքներ գրանցելու ուղղությամբ:
«Պուշկինի ինստիտուտ» ռուսաց լեզվի ուսուցման թեստավորման կենտրոնում կազմակերպված ձեռնարկը շարունակվեց Ա. Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված միջոցառմամբ: Ուսանողները ներկայացրին դրվագներ գրողի կենսագրությունից, գրական գործունեությունից, ասմունքեցին՝ պուշկինյան պոեզիայի ջերմությունը փոխանցելով ներկաներին:
Միջոցառման ավարտին Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Նաիրա Դալյանը Ա. Ս. Պուշկինի ծննդյան 220-ամյակին նվիրված միջոցառման մասնակիցներին հանձնեց Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտոր Մարգարիտա Ռուսեցկայայի կողմից տրված շնորհակալագրերը:
Անցկացվեց նաև ֆլեշմոբ. ներկաներից յուրաքանչյուրը վերհիշեց և մեկական քառատող արտասանեց Պուշկինի հանրահայտ բանաստեղծություններից: