ՀՊՄՀ Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնն ամփոփեց «Ստեղծագործական ուղի» խորագրով լուսանկարչական ցուցահանդես-մրցույթը։
Բազմաժանր լուսանկարներն ու դրանց վերնագրումները գնահատել են պրոֆեսիոնալ ժյուրին և քվեարկությանը մասնակցած ցուցահանդեսի այցելուները։
Բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր կուրսերի 14 ուսանող ցուցահանդեսում ներկայացրել է շուրջ 70 աշխատանք։ Դրանք շուրջ երկու ամիս ցուցադրվել են Կուլտուրայի ֆակուլտետի ցուցասրահում։
Ինչպես նկատում է ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյանը՝ մասնակիցներն ամենայն լրջությամբ են մոտեցել մրցույթին․ խրախուսական մրցանակներ ստացել է նրանցից 11-ը։
Արմեն Խաչատրյանը, aspu.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությամբ պարբերաբար անցկացվում են տարատեսակ մրցույթներ։ Առաջիկայում կվերադառնանան լուսանակարչության նախնական ձևին՝ սև-սպիտակին, այդ ժանրում գնահատելով ուսանողների տաղանդն ու երևակայությունը։
Նա այն կարծիքին է, որ նման ցուցադրություններն ու մրցույթները խթանում են ապագա լուսանկարիչների՝ մասնագիտական կարողություններն անընդհատ զարգացնելու ձգտումը։
Մրցույթի հաղթողներին հավաստագրերը հանձնեց Կուլտուրայի ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը։