ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի դասընթացի մասնակիցներին
04.09.2023
Հավաստագրեր՝ ՆՈՒՀ ղեկավարման իրավունքի դասընթացի մասնակիցներին

Օգոստոսի 3-30-ը ՀՊՄՀ-ում անցկացվեց «Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստման» դասընթաց։

110 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացը ներառել է կրթության բնագավառի օրենսդրություն, կառավարչական, մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական գիտելիքներ։

Հավաստագիրը դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտա մասնակցել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման համար կազմակերպվող քննություններին:

Ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց վերապատրաստման մասնակիցներին և հանձնեց հավաստագրեր: Նա ընդգծեց, որ վերապատրաստումների այս ոլորտը բուհի համար առաջին փորձառությունն է։ Կարծում է, որ վերապատրաստվողների առաջարկներն ու նկատառումները կբացահայտեն գործընթացի ուժեղ և թույլ կողմերը, իսկ դիտարկումները կնպաստեն ծրագրային վերանայումներին և մեթոդական սպասումների արդարացմանը։

Պրոֆեսոր Գևորգյանը մեկ անգամ ևս հիշեցրեց՝ փոփոխվող ժամանակներում փոխվել է նաև մանկության սուբյեկտը․ հոգեբանամանկավարժական դաշտում երեխայի իմացության մեթոդական մոտեցումներն ամբողջովին վերանայման կարիք ունեն, անելիքները ևս շատ են։

Նախադպրոցական հաստատության տնօրեններին Սրբուհի Գևորգյանը հորդորեց  միանալ հետազոտական դաշտին, պրակտիկայի ընթացքում ձևավորել խնդիրների փաթեթ, հասկանալ այն նոր հոգեֆիզիոլոգիական օրինաչափությունները, որոնց զարգացման տիրույթում հայտնվել է երեխան։

Ռեկտորը վստահ է՝ երեխայի զարգացման մանկավարժական հաղորդակցման ներազդման կարողությունների վերհանումը հնարավոր կլինի կիրառել նոր դասընթացներում․«Ամփոփելով վերապատրաստումը՝ կվերանայվեն ուսումնական ծրագրերը, առարկայական նկարագրերը, կմշակվեն նոր դասընթացներ։ Այդ գործընթացներում, որպես պրակտիկ ոլորտի ներկայացուցիչներ, ակնկալում ենք նաև ձեր մասնակցությունն ու ուղղորդումը»,- նշեց ռեկտորը։

Մասնակիցները բարձր գնահատեցին Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի բանիմաց և գրագետ դասախոսական կազմի պատրաստվածությունը, գործնական կարողությունները, նորարարական մոտեցումներն ու նախադպրոցական կրթության ոլորտում իրականացվող փոփոխությունների շեշտադրմամբ, փոխներգործուն մեթոդներով հարուստ դասընթացների անցակացումը։

Վստահեցնում են՝ հարցաշարերից զատ, հավելյալ գիտելիքներ ձեռք բերեցին․ լիահույս են՝ համագործակցությունը կլինի շարունակական, կմասնակցեն բուհում անցկացվող այլ դասընթացների ևս։

«Մենք աշխատում ենք ձեր հաջողության համար»,-Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը հիշեցնում է իր ղեկավարած կառույցի կարգախոսն ու վստահեցնում՝ աշխատել են ազնվորեն և մեծ նվիրումով։

Վերապատրաստող մանկավարժ, պրոֆեսորի պաշտոնակատար Ալլա Դալլաքյանը մասնակիցներին գործընկեր է համարում։ Կարծում է, որ միասին շատ անելիքներ ունեն․ նախադպրոցական մանկավարժության ոլորտի վերանայման անհրաժեշտությունն այսօր մեծ է։

Պրոֆեսոր Դալլաքյանը, որպես կադրային քաղաքականության պատասխանատու, կարևորեց դասընթացի մասնակիցների առաքելությունը, ընդգծելով՝ չպետք է մոռանան՝ միայն գործի կազմակերպիչ չեն, այլ նաև մանկավարժներ։