ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ սփյուռքահայ ուսուցիչներին
27.07.2018
Հավաստագրեր՝ սփյուռքահայ ուսուցիչներին

Ամփոփվեց սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որին այս տարի մասնակցում էին 15 երկրից 62 ուսուցիչներ:
Նրանց շնորհավորեց և հավաստագրեր հանձնեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ մշտապես պատրաստ է աջակցել սփյուռքահայ ուսուցիչներին կրթական գործընթացներում:

«Դուք ձեր գիտելիքներով և փորձով կերտում եք հայ մարդուն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում: Սփույքահայ ուսուցչական կադրերի, մասնագիտական կարողություների պատրաստման ու վերապատրաստման գործընթացների կատարելագործումը կարևորագույն խնդիրներից մեկն է» ,-նշեց նախարարն ու հավելեց, որ 2000 թվականից անցկացվող վերապատարստումների արդյունքում որոշ համայնքերում փոխվել են դասավանդման սկզբունքներն ու մեթոդները՝ նպաստելով կրթության որակի բարձրացմանը:

Ակնհայտ և շոշափելի արդյունքների կողքին ԿԳ նախարարն ընդգծեց նաև բազմաթիվ անելիքները և հավելեց, որ վերապատրաստումները պետք է լինեն առավել հասցեական և արտացոլեն Սփյուռքի ուսուցիչների մասնագիտական պահանջները, զբաղվեն դասագրքաստեղծ գործունեությամբ. դրանում մեծ է հատկապես Մանկավարժական համալսարանի դերը:

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ևս շնորհավորեց սփյուռքահայ ուսուցիչներին և ընդգծեց՝ վերապատրաստումների այս փուլն առանձնացավ մի կարևոր հանգամանքով. այն համընկավ երկրում իրականացվող որակական փոփոխություններին, որոնք մեծ ոգևորություն են առաջացրել նաև Սփյուռքում:

«Ծրագրի ընթացքում ճամփորդել եք, ունեցել հանդիպումներ, վերապատրաստվել: Լիահույս ենք, որ ստացած տպավորություններն ու ջերմ հիշողությունները կփոխանցեք նաև երկրի հոգսերով մտահոգ սփյուռքահայ մանուկներին»,-նշեց ռեկտորն ու շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին ազգանվեր գործունեության համար:

«Սփյուռք»  գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սուրեն Դանիելյանը կարևորեց ՀՀ կրթության և գիտության նախարարության դերն ու աջակցությունը վերապատրաստումներում, ինչին կարևոր մասնակցություն ունի նաև Մանկավարժական համալսարանը:

«Բուհը ստանձնել է սփյուռքահայ ուսուցիչների հայեցի կրթության կարևորագույն գործը: Հավատացած ենք, որ որպես հավատավոր զինվորներ՝ միասին կկարողանաք առավել բարձր տրամադրությամբ վերադառնալ հայկական դպրոցներ և կտանեք նորոգված հայրենիքից ջերմ հիշողություններ» -հավելեց պրոֆեսորը:

ԱՄՆ-ից ուսուցիչ Գևորգ Պետիկյանը 16 երկրներից մեկտեղված կրթության մշակների անունից շնորհակալություն հայտնեց ծրագրի հաջող կազմակերպման համար և ընդգծեց, որ իրենք լավագույնս իրենց երկրներում հայ երեխային են փոխանցում հայկական ազգային արժեքները: «Ուսուցիչը երախտապարտ կոչում է: Իբրև Մաշտոցի բանակը համալրող կամավոր զինվորներ՝ խիստ անհանգստացած են, թե ովքեր են մեզ փոխարինելու 10-20 տարի հետո, ովքե՞ր են փոխանցելու հայ մտքի ու լույսի ճառագայթները: Հայ ուսուցչի ուսերին է դրված ազգային իմաստ հաղորդելու դժվարին գործը» :

Գևորգ Պետիկյանը բոլորի անունից վստահեցրեց, որ այս օրերին կարողացել են մեկտեղել կրթության ոլորտի իրենց հոգսերը, անհանգստությունը և չեն հուսահատվել՝ շնորհիվ ուսուցչի վեհ կոչման հմայքի:

Նշենք, որ այս տարի սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումներն իրականացվել է 6 ուսումնական խմբերում՝ մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, լրացուցիչ կրթության կազմակերպման և հայոց պատմության ուղղություններով: