Մայիսի 27-ից հունիսի 15-ը Մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնն անցկացրել է ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) ստացման համար վերապատրաստման 100 ժամ տևողությամբ դասընթաց:
Հավաստագիրը դասընթացի մասնակիցներին հնարավորություն կտա մասնակցել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի ստացման համար կազմակերպվող քննություններին:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց վերապատրաստման մասնակիցներին և հանձնեց հավաստագրեր: Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց, որ վերապատրաստվողների առաջարկներն ու նկատառումները կբացահայտեն վերապատրաստման ուժեղ և թույլ կողմերը, կազմակերպման ձևն ու բովանդակությունը, պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստվածությունը:
«Լավ մանկավարժ լինելու համար պետք է ժամանակ առ ժամանակ լինել աշակերտ կամ ուսանող»,-նշեցին վերապատրաստման մասնակիցներն ու շնորհակալություն հայտնեցին դասընթացի հաջող կազմակերպման համար: Վերջիններս առաջարկեցին ներառել առավել գործնական կարողություններին զարգացմանը միտված դասաժամեր: Վաստակաշատ մանկավարժներն այն կարծիքն են, որ նման վերապատրաստումները թույլ են տալիս հետահայաց վերլուծել աշխատանքային գործունեությունը և մշտապես սովորել:
«Մարդկային բարձր որակներ, արագ կողմնորոշվելու և լսելու կարողություններ. սրանք այն կարևոր հատկանիշներն են, որոնք հնարավորություն կտան հաջողությամբ ղեկավարել դպրոցը»,-նշեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը և հաջողություններ մաղթեց վերապատրաստման մասնակիցներին:
Նշենք, որ դպրոցի տնօրենների թեկնածուների մասնագիտական վերապատրաստման դասընթացը գնահատելու համար մասնակիցները լրացրել են ամփոփաթերթեր, վերհանել կազմակերպման ձևն ու բովանդակությունը, պրոֆեսորադասախոսական կազմի պատրաստվածությունը, ներկայացրել իրենց առաջարկներն ու նկատառումները: