ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն այսօր հավաստագրեր հանձնեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի՝ մասնագիտական վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:
Գիտահետազոտական կենտրոնի կողմից իրականացվող 36 ժամ տևողությամբ վերապատրաստման դասընթացին մասնակցել են Կերպարվեստի և Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնների 33 դասախոս, իսկ դասընթացները վարել են ինչպես Մանկավարժականից, այնպես էլ այլ բուհերից և հաստատություններից հրավիրյալ մասնագետներ:
Մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ռեկտորը ևս մեկ անգամ անդրադարձավ բուհի միջազգայնացման ընդլայնմանը, այլ խնդիրների լուծման կարևորությանն ու ընդգծեց, որ հաջողության գրավականներից մեկն էլ բուհը օտարազգի դիմորդների համար հրապուրիչ դարձնելն է:
Ռուբեն Միրզախանյանը վստահեցրեց, որ վերապատրաստումները կարևոր հանգամանք կհանդիսանան ինչպես հետագա գործունեության, այնպես էլ թափուր աշխատատեղերի ընտրության ժամանակ:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը դասախոսների անունից շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար և ընդգծելով վերապատրաստման ուժեղ կողմերը՝ խոսեց վերապատրաստող մասնագետների բարձր փորձառության մասին:
«Շատ հաճախ մեծարում ու գնահատում ենք օտարազգի մասնագետներին՝ անտեսելով արվեստի և մշակույթի ոլորտում մեր երկրի փորձառուներին: Վերապատրաստումը ևս մեկ առիթ էր համախմբվել արվեստի ու մշակույթի շուրջ, լսել փորձառուներին ու զինվել նոր գիտելիքներով»,- նշեց Արա Հակոբյանն ու ցանկություն հայտնեց, որ վերապատրաստումները լինեն շարունակական:
Դասախոսները միակարծիք են՝ վերապատրաստումն անհրաժեշտություն է. իրենք լինում են ուսանողի դերում, նորովի դիտարկում ուսանող-դասախոս համագործակցությունը: