ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին
29.01.2020
Հավաստագրեր՝ վերապատրաստված դասախոսներին

Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հավաստագրեր հանձնեց Սկզբնական կրթության ֆակուլտետի մասնագիտական վերապատրաստում անցած դասախոսներին:

Գիտահետազոտական կենտրոնի իրականացրած վերապատրաստման դասընթացին մասնակցել է ֆակուլտետի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների, Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի, Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնների 36 դասախոս: Դասընթացները վարել են ինչպես Մանկավարժականից, այնպես էլ այլ բուհերից և հաստատություններից հրավիրյալ մասնագետներ:

«Վերապատրաստելու բազմաթիվ առաջարկներ ստանում ենք արտասահմանյան գործընկեր բուհերից, սակայն ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս դրանք իրականացնել ամբողջ ծավալով: Մենք ձգտում ենք, որ վերապատրաստումներն իրականացնեն այլ հաստատություններից մեր գործընկերները, ինչը վերացնում է գործընկերոջ կողմից վերապատրաստվելու դասախոսների հոգեբանական տրամադրվածությունը»,-նշեց ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու նշեց, որ վերապատրաստվողների դիտարկումները կնպաստեն այս կարևոր գործընթացին:

Ռեկտորը խոսեց նաև բուհի գիտական ձեռքբերումների, մասնավորապես՝ «Իմաստություն» հանդեսը Scopus գիտաչափական շտեմարանում ընդգրկվելու մասին և վստահեցրեց, որ այդ գործընթացը շարունակական է:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանն էլ նշեց, որ վերապատրաստումների ավարտին մասնակիցների շրջանում իրականացվել է անանուն հարցում, վերհանվել են դասընթացի ուժեղ և թույլ կողմերը՝ հետագայում դրանք ավելի կատարելագործելու նպատակով:

Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը դասախոսների անունից շնորհակալություն հայտնեց նման հնարավորության համար և նշեց. «Շնորհակալ ենք, որ դասախոսների մասնագիտական աճը մտահոգության առարկա է. ևս մեկ անգամ զգացինք սովորելու հաճույքը»:

Ժամանակի սղություն, հաղորդված նյութերի ծավալ, իսկ ժամանակը` քիչ, ինֆորմատիկան կարելի էր ավելի փոքր խմբերով կազմակերպել. այս և այլ թույլ կողմերի կողքին վերապատրաստված դասախոսներն առանաձնացնում են նաև ուժեղները՝ օգտակար և արդիական համակարգչային ծրագրեր, թեմաների բազմազանություն, ինտերակտիվ դասընթացներ, պրոֆեսիոնալ վերապատրաստողներ և այլն:

Դասախոսները նկատեցին նաև, որ շատ կարևոր էր գործընթացը սկսելուն ընդառաջ կարիքների ուսումնասիրումը. դա մեծապես նպաստում է, որ հասկանալի լինեն դասախոսներին վերապատրաստելու ուղղությունները:

Դասախոսները միակարծիք են՝ վերապատրաստումն անհրաժեշտություն է. իրենք լինում են ուսանողի դերում, նորովի դիտարկում խմբային աշխատանքի կարևորությունն ու անհարժեշտությունը: Բացի այդ, ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն ներկայիս մանկավարժական գործունեության բարելավմանը: