ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հավաստագրեր՝ վերապատրաստվողներին
02.08.2021
Հավաստագրեր՝ վերապատրաստվողներին

ՀՊՄՀ Շախմատ գիտահետազոտական կենտրոնում ամփոփվեց մանկավարժ-դաստիարակների 6-շաբաթյա վերապատրաստման դասընթացը:


Վերապատրաստման ընթացքում ՀՊՄՀ Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը 3 նախադպրոցական հաստատության 14 մանկավարժ-դաստիարակներին ներկայացրեց 5-6 տարեկան երեխաների շախմատային նախագիտելիքի ձևավորմանը միտված տարբեր մեթոդիկաներից հետաքրքիր խաղեր, պարապմունքներ, առաջադրանքներ, խմբային, ենթախմբային աշխատանքներ, էլեկտրոնային տեսանյութեր, ինչպես նաև https://innostud.am/ կրթական հարթակում թվայնացված շախմատային բովանդակությամբ խաղ-առաջադրանքներ։

ՀՊՄՀ-ի Շախմատի և սպորտի ամբիոնի դոցենտ Սամվել Միսակյանն էլ մասակիցներին փոխանցեց աշխարհում ամենահայտնի խաղի՝ շախմատի գաղտնիքները, նպաստելով նրանց շախմատային հմտությունների ձևավորմանը։

«Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով դասընթացի նպատակն էր վերապատրաստվող մանկավարժ-դաստիարակներին ներկայացնել 5-6 տարեկան երեխաների շախմատային նախագիտելիքի ձևավորման աշխատանքները ոչ թե առանձին շախմատ խաղի ուսուցմամբ, այլ մանկապարտեզներում՝ նախադպրոցական կրթության մասնավոր մեթոդիկաների միջոցով։

Վերապատրաստմանը զուգահեռ դաստիարակներն իրենց ներկայացված նյութերը կիրառել են երեխաների հետ տարվող աշխատանքներում. այդ մասին են վկայում վերոնշյալ ամբիոնի դասախոսների իրականացրած մշտադիտարկումները։

«Շախմատը նախադպրոցական ուսումնական հաստատություններում» խորագրով դասընթացի մասնակիցներին հավաստագրեր հանձնեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՊՄՀ Շախմատի և սպորտի ամբիոնի վարիչ Սմբատ Լպուտյանը:

Վերապատրաստված մանկավարժ-դաստիարակները կիսվեցին իրենց տպավորություններով, ցուցադրեցին հետաքրքիր տեսանյութեր՝ մանկապարտեզներում երեխաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ։