ՀՊՄՀ-ի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն այսօր հավաստագրեր հանձնեց օտար լեզվից ընդհանուր անգլերենի Ա2-Բ1 տիրույթում վերապատրաստման դասընթացի մասնակիցներին։
Անգլերենի բանավոր հաղորդակցում, ունկնդրում, բանավոր խոսք, քերականություն, բանավեճեր, հարցազրույցներ․ 60 ակադեմիական ժամ տևողությամբ դասընթացի 2-րդ փուլին մասնակցել է 19 դասախոս՝ բուհի տարբեր ֆակուլտետներից։
Պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանն ընդգծում է՝ վերապատրաստումերը կարևոր են բուհի համար, ոլորտում արդեն լուրջ փորձառություն ունեն։ ՀՊՄՀ-ում 2011 թվականից կազմակերպվում են կանոնավոր և տարաբնույթ վերապատրաստումներ, իսկ 2020 թվականից դասախոսական կազմը հնարավորություն ունի մասնակցելու նաև անգլերենի վերապատրաստումներին։
Մարիամ Իսպիրյանն ակնկալում է, որ մասնակիցները հետադարձ կապում կնշեն նաև վերապատրաստումների թերի կողմերը․դիտարկումներն ու առաջարկները կօգնեն գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը։
Հավաստագրեր ստացավ նաև Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի 18 դասախոս։ 32 ակադեմիական ժամ տևողությամբ մանկավարժահոգեբանական վերապատրաստման թեմաներն էին՝ մանկավարժական հոգեբանության հիմնախնդիրները, 21-րդ դարի կրթության հիմնախնդիրներն ու կրթության բնագավառի օրենսդրությունը, առարկայական նկարագրեր. կառուցվածք, բովանդակություն, կրթական ծրագիր ձևավորման քարտեզագրում, հանրակրթության առարկայական չափորոշիչներ, գործնական աշխատանք, բանավեճ։
Վերապատրաստրաստվողները շնորհակալություն հայտնեցին բուհի ղեկավարությանը, Գիտահետազոտական կենտրոնին և դասախոսական կազմին՝ որակյալ դասընթացներով ապահովելու համար։
Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Արթուր Թադևոսյանը վերապատրաստումներն աշխատանքի որակը բարելավելու կարևոր քայլ է համարում։ Նկատում է՝ անգլերենի Ա2-Բ1 տիրույթում վերապատրաստման դասընթացն օգնեց հաղթահարել լեզվական անջրպետն ու բարելավել օտար լեզվի իմացությունը․ իր ոլորտում մասնագիտական գրականությունը մեծամասամբ օտարալեզու է։
Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն էլ հավելում է, որ անկախ տարիքից, մասնագիտությունից՝ նոր գիտելքիների կարիք բոլորն ունեն․ «Կրթության բնագավառը պահանջում է անընդհատ կատարելագործում․ վերապատրաստումները գալիս են լրացնելու նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու բացը»։
Պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը շնորհավորեց վերապատրաստված գործընկերներին՝ մաղթելով ստացած գիտելիքների արդյունավետ կիրառում նոր ուսումնական տարում։