ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայագիտության հարցերը՝ գիտաժողովի քննարկման առանցքում
15.11.2023
Հայագիտության հարցերը՝ գիտաժողովի քննարկման առանցքում

Մանկավարժականում մեկնարկեց «Հայագիտության հարցեր և միջմշակութային հաղորդակցում» խորագրով հանրապետական գիտաժողովը։

Գիտական ձեռնարկը կազմակերպել էր ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիան։ Գիտակրթական կառույցների ներկայացուցիչների քննարկման առանցքում էին հայոց լեզվի, հայոց պատմության, միջմշակութային հաղորդակցման, լեզվաբանական տիպաբանության  և  հայագիտական թեմաների վերաբերյալ  այլ հարցեր։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանն ու  կարևորեց  լաբորատորիայի ակտիվ գործունեությունը, որի ստեղծած  հարթակն իր շուրջն  է համախմբել ոչ միայն Մանկավարժականի, այլև  մի շարք բուհերի հայագիտության և միջմշակութային հաղորդակցման հարցերով զբաղվող մասնագետների, լեզվաբանության ոլորտի գիտակների, պատմաբանների։

Պրոֆեսոր Գևորգյանը  լիահույս է՝ գիտական հարթակը հաղորդակցման մակարդակում կբավարարի լսարանի մասնագիտական սպասումները։ Առանձին, լեզվի հարցերից զատ, զեկուցումներում կբարձրացվեն լոկալ հարցեր, որոնք կարևոր են մեր հասարակության և արժեքների պահպանման համար։

Ռեկտոր Գևորգյանն անդրադարձավ նաև  գլոբալիզացիայի և լոկալիզացիայի երևույթներին, և այդ  համատեքստում կարևորեց, որ գիտական ձեռնարկը, հայագիտությունից զատ, որպես առանձին ճյուղ ներկայացնում է նաև միջմշակութային հաղորդակցումը։

Սրբուհի Գևորգյանը հույս հայտնեց, որ  նեղ  երկխոսության հարթակում կլինեն հետաքրքիր մոտեցումներ, որոնք կպայմանավորեն միջմշակութային հաղորդակցման զարգացման՝ ժամանակակից աշխարհում արդի որոշակի տեսություններ և երիտասարդ մասնագետների մոտ կձևավորեն ձեռագրաբանություն, որով կտարբերակեն որպես մասնագետ։

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր, դոցենտ Դավիթ Գյուրջինյանը  փաստում է՝  մեկ անգամ չէ, որ այս հարթակում քննարկում են  լեզվաբանական հարցեր։ Ընդգծում է՝ երկու համալսարանները վաղուց են համագործակցում․ կրթական հաստատություններին նախ և առաջ միավորում են գիտությունն ու հայագիտությունը։

Ըստ նրա, հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն անմասն չի թողել նաև իր ղեկավարած կառույցի ներկայացուցիչներին։  Լեզվաբանական համալսարանի չորս ներկայացուցիչների զեկույցների առանցքում նաև միջմշակութային հաղորդակցումն է, որն այսօր  առանձին մասնագիտություն է։

ՀՊՄՀ Լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանը  նկատում է, որ բոլորը գիտեն՝   մեր օրերում  կա ներքին խանդ, մտավորականների երկփեղկում, ոչ միասնական դաշտում հանդես գալու ներքին կարողություն։ Գիտաժողովի մասնակիցների ներկայությունը հարգանք է  գիտության, միմյանց ու մտավորականի հանդեպ․ «Այսօր մենք միասնական ենք․եթե միասնական ենք, ուրեմն ուժեղ ենք»,-հավելեց նա։

 «Լեզվական գիտակցությունը բազմալեզու կրթության ռազմավարության շրջանակներում» զեկույցը ներկայացրեց «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը։

Բանախոսն անդրադարձավ լեզուների համեմատական մի շարք առանձնահատկություններին,  բառերի իմաստային նշանակությանն ու փոփոխություններին։

Դոցենտ Դավիթ Գյուրջինյանն էլ  խոսեց 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց» երկում կիրառած լեզվանունների մասին․ արդյո՞ք մինչև այդ  գործածվել են այդ լեզվանունները, հետագայում գործածության ի՞նչ ընթացք են ունեցել և այլն։

Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնաճյուղերում՝ Լալիկ Խաչատրյանի և  Դավիթ Գյուրջինյանի նախագահությամբ։

Գիտաժողովի մասնակիցների զեկույցները տիպաբանական տեսանկյունից կոգնիտիվ բառակազմության, Հայկական լեռնաշխարհում մ․թ․ա 2-1 հազարամյակներում մարդկային զոհաբերությունների երևույթի, 1920-30-ական թվականներին Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի և լեզվական բառապաշարի, «Սասունցի Դավիթ» էպոսում արմատակրկնության,  Էդ․ Աղայան գիտնականի դիմանկարի  մասին էին։

Անդրադարձ եղավ նաև «Սասունցի Դավիթ» էպոսում սոմատիկ դարձվածքների ժամանակագրական շերտերին և նրանց ոճական արժեքին, արդի հայերենում և պարսկերենում անձի հատկանիշ արտահայտող հաղորդակցական դարձվածքների  կառուցվացքային–քերականական առանձնահատկություններին, հայերենի և իսպաներենի հոլովական համակարգերի զուգադրական քննությանը և այլ թեմաների։

Հայագիտության և միջմշակութային հաղորդակցման հարցերի շուրջ ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան։